Երբևէ մտածե՞լ եք զարգացման ազգային ծրագիր ունենալու մասին, մտածե՞լ եք, թե մենք՝ որպես ազգ, ինչերի կարող ենք հասնել, ինչպիսի բարձունքներ կարող ենք գրավել, եթե ունենանք մանրակրկիտ ու ճիշտ հաշվարկված գործողությունների այնպիսի ծրագիր, որը կարող է մեզ դուրս բերել այն անկումային իրավիճակից, որում երկար տասնամյակներ է, ինչ գտնվում ենք: Հասկանալու համար, թե գոնե տեսականորեն ինչպիսի արդյունքների կարելի է հասնել նմանատիպ ծրագրի օգնությամբ, կխնդրեի ձեզ պարզապես ուսումնասիրել հրեական փորձը…

 

 

Այն, որ հայկական զարգացման ազգային ծրագիր ունենալու դեպքում դրանում հսկայական դերակատարություն պետք է հատկացվի գիտությանը, կարծում ենք, կասկածից վեր է. մենք՝ հայերս, միշտ էլ աչքի ենք ընկել գիտության նկատմամբ ունեցած մեր բացառիկ սիրով ու ընդունակություններով, իսկ հայ գիտնականներն էլ դեռ վաղուց են աշխարհին ապացուցել իրենց ունեցած բարձր մակարդակը:

 

 

Օրերս մի խումբ հայ գիտնականներ գումարել էին ասուլիս՝ հանրության ու պետության ուշադրությանը ներկայացնելու իրենց իսկ կողմից կատարված գյուտը: Իսկ գյուտն այդ, մասնավորապես, վերաբերում էր արևային էներգիայի օգտագործմանը. առաջարկվում է կառուցել արևային էներգիայի հիման վրա աշխատող գյուղմթերքի վերամշակման գործարաններ, որոնք, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները, կարող են բավական խոստումնալից լինել ու իսկական փրկօղակ դառնալ մեր երկրի ոչ միայն առանձին գյուղատնտեսության, այլև ողջ տնտեսության համար:

 

 

Գիտնականները համոզմունք էին հայտնում՝ եթե պետությունը կամ մասնավոր հատվածը համապատասխան ներդրումներ կատարեն իրենց կողմից առաջարկվող այս ծրագրի մեջ, ապա մեր վերամշակված գյուղմթերքը մեծ հաջողությամբ կարող է վաճառվել ոչ միայն ռուսական, այլև անգամ եվրոպական շուկայում: Կարծում ենք՝ գիտնականների կողմից առաջարկվող ծրագիրը բավական խոստումնալից կարող է լինել՝ մանավանդ, որ նմանատիպ մեկ գործարան կարելի է կառուցել ընդամենը 0,5-1 մլն դոլարով:

 

 

Համաձայնե՛ք, որ գիտնականներն այս հրաշալի միտք են առաջարկում, միտք, որ կարող է միանգամայն նոր մակարդակի բարձրացնել մեր գյուղատնտեսական ապրանքների միջազգային սպառման ծավալները. ժամանակակից աշխարհում միջազգային շուկայում սեփական տեղն ունենալու համար հարկավոր է այնպիսի արտադրանք առաջարկել քմահաճ սպառողին, որը շահեկանորեն կտարբերվի մյուսներից, կլինի ինքնատիպ ու յուրօրինակ. այս ծրագրով փորձ է կատարվում Հայաստանի բնության բարիքները վերածել իսկական համաշխարհային բրենդի:



Բացի այս ամենից, ուշագրավ է նաև այն, որ սույն ծրագրում առաջարկվում է օգտագործել նաև հարևան ու բարեկամ Իրանի ունեցած պոտենցիալը՝ ի հակադրություն թուրք-ադրբեջանականի. հայ-իրանական տնտեսական տանդեմը կարող է իսկական պատուհաս դառնալ թուրքերի գլխին, որոնք, հատկապես վերջին շրջանում, լրջագույն խնդիրների մեջ են հայտնվել ռուսական շուկայում՝ կապված ՌԴ իշխանությունների կողմից Թուրքիայի դեմ սահմանած պատժամիջոցների հետ: Պետք է խոստովանել նաև, որ գյուղմթերքների վերամշակման ոլորտն այն կարևորագույն հարթակներից մեկն է, ուր մեր երկու երկրների համագործակցությունը կարող է խիստ արդյունավետ ստացվել:

 

 

Բայց այս ամենում ամենամեծ հարցը մնում է այն, թե արդյոք պետությունը կամ մասնավորը ուշադրության կարժանացնե՞ն հայ բազմավաստակ մտավորականների կողմից հնչեցրած առաջարկը, թե՞ ոչ: Սկզբնական շրջանի համար, կարծում ենք, վատ չէր լինի, եթե գոնե մեկ այդպիսի գործարան հիմնվեր՝ տեսնելու համար, թե գործնական կյանքում ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ առաջարվող ծրագիրը: Հաջողությամբ պսակվելու պարագայում, վստահ ենք, ներդնողներն իրենք հերթ կկանգնեն՝ տվյալ ասպարեզում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնելով: Հուսանք, որ հայ գիտնականների կատարած գոնե այս գյուտը չի արժանանա իր նախորդների անիմաստ ճակատագրին ու չի անտեսվի համապատասխան մարմինների կողմից, քանի որ այն իրոք մեծ ներուժ է պարունակում իր մեջ ու կարող է ոչ միայն աշխուժացնել տնտեսությունը, այլև նպաստել մեզ համար այնքան կարևոր հայ-իրանական միջտնտեսական կապերի աննախադեպ զարգացմանը:

 

Դավիթ Բաբանով