ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողների հետ խոսելով կոալիցիա մտնելու իրենց նպատակների մասին՝ ասել է, թե իրենք ուզում են համագործակցել իշխանությունների հետ, որպեսզի փոխեն մթնոլորտը, նաև նշել է, որ գիտակցում է, որ իշխանությունները հեղինակազրկված են և իրենք նույնպես կարող են կանգնել հեղինակազրկվելու վտանգի առջև:

 

Պետք է ասեմ, որ քաղաքականության մեջ սա ընդունված մեթոդներից մեկն է՝ սեփական ծրագրերը կյանքի կոչել, գաղափարներն առաջ տանել ոչ թե գործող իշխանությունների հետ առճակատվելով և հեղափոխությամբ իշխանափոխության ձգտելով, այլ նույն իշխանությունների հետ համգործակցության եզրեր գտնելով և այդ ճանապարհով իրենց ծրագրերն իրականացնելու ավելի մեծ հնարավորություններ ստանալով: Վերջիվերջո, յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի վերջնական նպատակը պետք է լինի իշխանություն դառնալը, պարզապես տարբեր ընդդիմադիր ուժեր դրա համար տարբեր ճանապարհներ են ընտրում: Դաշնակցությունն ընտրեց այս ճանապարհը, և այս համատեքստում, կարծում եմ, արտասովոր ոչինչ չկար այն բանում, որ Ռուստամյանն իշխանություններին անվանեց «հեղինակազրկված», ինչը դուր չեկավ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին:

 

Սա, իմ կարծիքով, բնավ չափազանցված որակում չէր, այլ՝ զուտ գնահատական, որովհետև եթե իսկապես փորձենք իմանալ հասարակության զգալի մասի կարծիքն իշխանությունների մասին, ապա կտեսենք, որ իշխանություններն իրենց հեղինակությամբ, մեղմ ասած, չեն կարող հպարտանալ: Եվ դա էլ բնական է, քանի որ երկրում կան սոցիալական խնդիրներ, շատ այլ խնդիրներ, և սոցիալական ոչ բարձր կենսամակարդակ ունեցող երկրում մարդիկ չեն կարող միանշանակ գոհ լինել իշխանություններից:

 

Կարեն Վարդանյան