ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Վանաձոր այցելության ընթացքում քաղաքի տարբեր դպրոցների ուսուցիչներին, մանկապարտեզների աշխատողներին դասերի ժամին պարտադրաբար այդ հանդիպմանն են ուղարկել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները: Դասաժամերը խափանվել են: Նման ահազանգ էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը: Ահազանգը հրապարակվել էր նաեւ կայքում: Այդ տեղեկությունն Aravot.am կայքի հետ զրույցում հաստատել էր դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Հենց իր այցելությունը Վանաձոր, որը ուղեկցվել էր ուսուցիչների, մանկապարտեզների աշխատողներին համատարած այդ հանդիպմանը պարտադրաբար ուղարկելով, նույնիսկ դասընթացներն էին ձախողվել: Որևէ թեկնածուի հանդիպմանը հնարավոր չէր դա պատկերացնել: Ամբողջ կրթական համակարգը իշխանության ենթակա կառույց է: Տնօրեններից, ուսուցիչներից սկսած՝ բոլորը հանրապետականներ են: Պետական, մարդկային, ֆինանսական և կուսակցական ռեսուրսների այնպիսի կիրառում է, որ հավասար պայմանների մասին խոսել հնարավոր չէ: Ուստի դա չի համապատասխանում իրականությանը, Սերժ Սարգսյանը զբաղված է ստախոսությամբ»,- ասել էր Սաքունցը: Այն, որ վանաձորյան հանդիպումների ժամանակ ուսուցիչներին եւ մանկապարտեզների աշխատողներին պարտադրել են մասնակցել նախագահի հետ հանդիպումներին, մեզ հետ զրույցում հաստատեց Վանաձորի երրորդ դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով հետագա խնդիրներից խուսափելու նկատառումներով չցանկացավ հրապարակել իր անուն-ազգանունը. «Այո, մեզ էլ ասել էին, որ պարտադիր պետք է ներկա գտնվենք հանդիպմանը: Դե, ինչ-որ տեղ մեզ էլ հետաքրքիր էր, թե ինչ է ասելու նախագահը»: Երբ հետաքրքրվեցինք' կոնկրետ իրեն գոհացրել է նախագահի խոսքը, մեր զրուցակիցը կարճ կապեց. «Դե, հա, խոսքը լավն է, բայց…»: Ավելին ասել նա չցանկացավ, նույնիսկ չպատասխանեց հարցին'իրենց քաղաքի, աշխատանքի, երկրի հետ կապված մտահոգություններ չունե՞ր, ինչո՞ւ չի փորձել հարցի ձեւով դրանք բարձրաձայնել: Մեր զրուցակիցը, միայն ուսերը թոթվեց: Այս առիթով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մեզ հետ զրույցում իր վրդովմունքն այսպես արտահայտեց. «Էդ ով որ ձեզ տենց բաներ ա ասել' ամուր-ամուր գլուխը քարովն ա տվել: Եվ էդ ասողներին ասա'այ էշի քուռակ, եթե դու անպատասխանատու հայտարարություն ես անում… մանկապարտեզի երեխեն էդ ժամին քնում ա, ո՞ր դաստիարակը կամ դայակը էդքան համարձակություն կունենա էդ երեխին քնած թողնի' ինքը գնա հանդիպման»: Սամվել Դարբինյանն այդպես էլ անպատասխան թողեց մեր հավելումը, որ երեխաներին ոչ թե քնած են թողել, այլ այդ օրը տվյալ հիմնարկներում աշխատանքային պրոցեսն էլ է խաթարվել: Քաղաքապետը շարունակեց իր հանդիմանանքը. «Ընտրական գործընթացների ժամանակ երեխաների մասնակցությունը խստիվ արգելվում է. ո՞նց կարող ա նրանց թույլ տան, որ նախընտրական քարոզչությանը երեխեքին մասնակից դարձնի: Ամենքն իրա մտածածները թող մեր գլխին չփաթաթի: Մենք կատարում ենք շատ ազնիվ, նորմալ, օրինական ընտրություններ: Առանց էն էլ մեր քաղաքում էնքան մարդ կա, որ նույնիսկ չտեղավորվեց էդ զալում, մոտ երեք հազար մարդ հետ գնացին: Մենք դրա խնդիրը չունեինք, որ մանկավարժներին, մանկապարտեզների դաստիարակներին, մեկին կամ մյուսին խառնենք ընտրություններին: Դա բացառվում է»: Նկատեցինք, որ այդ փաստն արձանագրել են եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը եւ անանուն մնալ ցանկացող ուսուցչուհին: Քաղաքապետը բարկացավ. «Գլուխը պատովն ա տվել, եթե նման փաստ չի եղել ո՞նց ա ֆիքսել»: Քաղաքապետը հավաստիացրեց, որ իրենք խստորեն հետեւում են գործող նախագահի հորդորին' ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նրան բարկացնում է «որոշ մարդկանց» մղումը' «ամեն ինչ սեւացնել»: Նա կոչ է անում համարձակություն ունենալ եւ բարձրաձայն ասել, որ Հայաստանն այս մի հանգրվանում «հաղթանակի է հասել եւ կարողանում է նորմալ, ազնիվ ընտրություններ անցկացնել' առանց ընտրական օրենսգրքի խախտման: Էս անգամ, գոնե, որեւէ խախտման կարիք չկա, չ՞է. մի անգամ եկեք ազնիվ ըլնենք ու ասենք, որ այ մեր երկրում արդեն ճշմարտությունը հաղթանակում ա»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս հերքեց վերոնշյալ տեղեկությունը. «Մեր մարզում ընդհանրապես բացօթյա հանդիպում չի եղել եւ որեւէ մեկը դրոշակ պահելու հնարավորություն չի ունեցել: Նման բան մեր մարզում չի եղել: Կամերաները հազար տեղից ֆիքսել են' դահլիճում կամ հայաթում դրոշակ պահած երեխա չի եղել: Եթե մի դպրոցում գոնե դասերը խաթարվել են, ես էդ դպրոցի տնօրենին կպատժեմ, բայց բացառվում ա, որ մեր մարզում նման բան եղած լինի: Եվ հետո, մեր մարզային հանդիպումները բոլորը շատ ուշ ա եղել, դպրոցներում դասերը ավարտված են եղել: Վանաձորի հանդիպումը եղել ա մեր մարզահամերգային դահլիճում' իրիկունը ժամը հինգին. ի՞նչ դպրոցի մասին ա խոսքը: Ալավերդու հանդիպումը եղել ա իրիկունը ժամը յոթին, մի դպրոցում էլ ժամը երեք անց կես. ինչի՞ մասին ա խոսքը»: Հիշեցնենք, որ դասապրոցեսների խաթարմանը եւ ուսուցչական կոլեկտիվներին, ուսանողներին քարոզչական գործընթացներում ընդգրկելուն անդրադարձան նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը պատասխանելով հարցերին, թե ինչու են դպրոցականները եւ ուսանողները մասնակցում Սերժ Սարգսյանի հանդիպում-հանրահավաքներին, ասաց, որ քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում նման ընդամենը երկու փաստարկված դեպք է եղել http: Առաջինն Ագարակի դպրոցին էր վերաբերում, որի տնօրենը վարչական տույժի ենթարկվեց: Ապա' ուսումնական գործընթացի խաթարման համար ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին' առաջարկելով ուսումնասիրել և կարգապահական տույժեր կիրառել մարզպետարանի ենթակայության համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ս/թ փետրվարի 4-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Արարատի մարզի որոշ դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարման համար: Միաժամանակ, համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի' ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Ի դեպ, ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեության բացառման և ուսումնական գործընթացի անխափան կազմակերպման վերաբերյալ մինչև ընտրարաշավի մեկնարկը տեղեկացվել են ՀՀ բոլոր մարզպետները և Երևանի քաղաքապետը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Այս ահազանգի հետաքննության փաստական մասը կայքում հրապակումից հետո Արթուր Սաքունցը ՖԲ իր էջում մասնավորապես գրել է. «Ուրեմն այսպես, Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը հերքողները էշի քուռակներ են և գլուխները պինդ-պինդ պատով էլ են տվել, քարով էլ են տվել, գետնով էլ են տվել.»: