ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, ցավոք, իրենք իրենց դուրս դրեցին այս կարեւոր գործընթացից, թեեւ կարող էին ընդհանուր հայտարարի գալ եւ ստեղծել մրցակցային պայքար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը՝ շեշտելով, որ նրանք հասարակության առաջ որոշակի ռեաբիլիտացիայի խնդիր են ունենալու, եւ չի բացառվում, որ հետընտրական զարգացումներում նրանք որոշակի ակտիվություն ցուցաբերեն եւ արդարացնեն իրենց բացթողումը:

Մեր դիտարկմանը, թե կանխատեսումներ կան, որ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ուժերը կնպաստեն 2018-ին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար, նա նշեց, որ շատ կարեւոր է այս հինգ տարին եւ կանխավ ոչինչ չի կարելի ասել: Գառնիկ Իսագուլյանը մեր քաղաքական դաշտի մեծագույն խնդիրը համարեց այն, որ քաղաքական ուժերը չեն կարողանում իրենց ամբիցիաները դնել մի կողմ եւ ընդհանուր հայտարարի գալ: «Դա չեղավ նախընտրական շրջանում, չեղավ ընտրարշավի շրջանում: Շատ ավելի դժվար կլինի 2018թ նման հայտարարի գալը, չեն կարողանում քաղաքական ուժերն առանց ամբիցիաների նստել սեղանի շուրջ եւ պայմանավորվել: 2018թ նոր դեմքերի ժամանակաշրջան է լինելու»,- նշեց նա:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի օրոք նախագահի խորհրդարական աշխատած Գառնիկ Իսագուլյանն այսօր մեկ անգամ եւս հերքեց լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ինքը «Ռոբերտ Քոչարյանի մարդն է»: «Իսագուլյանը որեւէ մեկի մարդը չէ, բայց լավ հարաբերություններ է պահպանում բոլորի հետ: Ի՞նչ է, եթե նա նախագահ չէ, մեր հարաբերությունները պիտի խզվեի՞ն, շատ լավ հարաբերությունների մեջ եմ եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի հետ, հաճախ հանդիպում ենք, քննարկում ենք տարբեր հարցեր: Սա պետք է լինի օիննաչափ եւ խանդ չպետք է առաջացնի»,- նշեց նա:

Մեր հարցին, թե վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Ռոբերտ Քոչարյանին եւ արդյոք նա վերադառնալու մտադրություն ունի՞, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ հանդիպում են հաճախ, խոսում տարբեր հարցերի մասին, նման ցանկությունների մասին ոչ նախկին նախագահն է ասում, ոչ էլ ինքն է հարցնում: Գառնիկ Իսագուլյանը հավաստիացրեց նաեւ, որ նեղացած չէ Սերժ Սարգսյանից' ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից զրկելու պատճառով: