Գազի գինը փաստորեն կիջնի. սա ենթադրություն չէ, սրա հավանականությունը ես բավականին մեծ եմ համարում, որովհետև այս մասին երկրի վարչապետն է բառացի ասել: «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»,- ասել է վարչապետը կառավարության նիստի ժամանակ: Սա արդեն առնվազն նշանակում է, որ մեր իշխանությունները կողմ են գազի գնի իջեցմանը, իրենց որոշումը կայացրել են, մնացածն արդեն Ռուսաստանից ու «Գազպրոմ Արմենիայից» է կախված:

 

 

Իհարկե, Ռուսաստանի կողմից գնի իջեցման դեպքում «Գազպրոմ Արմենիան» հերթական անգամ կարող է ասել, թե իբրև ծախսեր ունի և այդ իջեցված մասով փոխհատուցելու է իր ծախսերը, ուստի բնակիչների համար գնի փոփոխություն չի լինի: Բայց այս անգամ մեր իշխանությունների տրամադրվածությունը կարծես թե այլ է, որովհետև վարչապետն ասել է նաև հետևյալը. «Սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում…»:

 

 

Այստեղից կարելի է ենթադրել, որ այս անգամ «Գազպրոմ Արմենիայի» գործը հեշտ չի լինելու, նրան լուրջ դիմադրություն կսպասվի ՀՀ իշխանությունների կողմից և ավելի հավանական է, որ այս անգամ ելքը լինի հօգուտ մեզ:

 

 

Չեմ կարող ասել, թե ինչու Հովիկ Աբրահամյանը վերջապես որոշեց ժողովրդի շահերից բխող մի քայլ ձեռնարկել, մտահոգությունի՞ց, թե՞ անհրաժեշտությունից ելնելով, թե՞ միգուցե ցանկություն ունի 2017-ից հետո շարունակել պաշտոնավարելը: Այս պահին դա այդքան էլ էական չէ, այլ ավելի կարևոր է ժողովրդի սոցիալական բեռի գոնե աննշան թեթևացումը, և ինչու՞ չէ՝ պաշտոնյաների դրական քայլերի մասին նույնպես պետք է խոսել:

 

 

Կարեն Վարդանյան