Համաձայն ոչ վաղ անցյալում կատարած ուսումնասիրությունների՝ աշխարհում հայկական կապիտալը գնահատվում է ավելի քան քառորդ տրիլիոն դոլար: Կարծում ենք՝ վատ չէ, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայերս օտար երկրներում զանգվածաբար սկսել ենք հաստատվել ընդամենը 20-րդ դարի սկզբներից՝ կապված Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանական գործողությունների հետ:

 

 

Եթե դատելու լինենք զուտ ռացիոնալիզմի տեսանկյունից, ապա պետք է ասենք, որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակի օբյեկտիվ նկարագրությունը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել այն ամենի համատեքստում, որի մասին խոսք եղավ վերևում. քառորդ տրիլիոն դոլարի կապիտալ ունեցող ազգի հայրենիքը պարզապես չի կարող լինել աշխարհի ամենաաղքատ երկրների ցուցակում, չի կարող Հայաստանը գտնվել այն վիճակում, որում այժմ հայտնվել է: Բայց դա ընդամենը ռացիոնալիզմի տեսանկյունից…

 

 

Իրականում պատկերը միանգամայն հակառակն է՝ չքավորություն, խիստ սահմանափակ ֆինանսատնտեսական դաշտ, ինքնադրսևորվելու ոչ մեծ ասպարեզ: Ահա այսպես կարելի բնութագրել ժամանակակից Հայաստանի իրականությունը, որում երկար տարիներ է, ինչ մենք ապրում ենք: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում էականորեն կրճատվել են օտարերկրյա ներդրումների ծավալները, ինչը պայմանավորված է մի շարք անբարենպաստ գործոններով, որոնց բացարձակ մեծամասնությունը բխում են սուբյեկտիվ հանգամանքներից. անհավասար մրցակցային դաշտ, պետության կողմից չերաշխավորվող ներդրումներ, փոքր շուկա և այլն: Անբարենպաստ պայմանները մեր երկրում այնքան շատ են, որ անգամ հայրենասիրությունն այստեղ փաստացի անզոր է գտնվում, ու սփյուռքահայը, որը սեփական հայրենիքը շենացնելու բնական պահանջ ունի, չի կարողանում գալ այստեղ ու ներդրումներ կատարել:

 

 

Որքան էլ Հայաստանն այս տարիների ընթացքում սփյուռքահային փորձել է ներշնչել, թե այստեղ նրան սպասում են գրկաբաց, փաստ է, որ այդ ջանքերը չեն կարողացել իրական մրցակցության մեջ մտնել այն իրականության հետ, որը տիրում է մեր երկրում: Ու հիմա որքան էլ «արի տուն» գոռանք, ոչ ոք մեզ չի արձագանքելու, որովհետև հոգնել են այն կեղծավորությունից, որին բախվում են այստեղ ամեն քայլափոխի. նրանց գցում են, թալանում, սնանկության մատնում, հետո էլ ուզում, որ կայացած սփյուռքահայերը թողնեն իրենց տաքուկ անկյուններն ու դուրս պրծած գան Հայաստան՝ բիզնեսներ հիմնելու: Վերածվել ենք կլանային ինչ-որ անհասկանալի գոյացության, ուր ոչ ոք ու ոչնչից երաշխավորված չէ, ուր, միայն այն բանի համար, որ կարող ես դաշտում մրցակցություն առաջացնել, քեզ խեղդում են, քայքայում…

 

 

Քանի դեռ սփյուռքահայի՝ Հայաստանում ներդրումներ անելու միակ դրդիչ ուժը մնում է հայրենասիրությունը լոկ, մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ, քանի որ շատ սփյուռքահայեր դատում են Քենեդիի խոսքին հակառակ տրամաբանությամբ ՝ մի՛ հարցրեք ես ինչ եմ անում պատմության համար, այլ հարցրե՛ք, թե պետությունն ինչ կարող է տալ ինձ, ու գիտե՞ք ինչ, նրանք չեն սխալվում…



Դավիթ Բաբանով