Ինչ-ինչ, բայց համաձայնե՛ք, որ մեր կառավարությունը վարկեր, դրամաշնորհներ վերցնելու մեծ սիրահար է դարձել:

 

Հաճախ են հայկական ԶԼՄ-ներում այս կամ այն միջազգային կազմակերպությունից վարկ վերցնելու մասին լուրեր հրապարակվում: 


Իսկ թե հատկապես ինչ նպատակներով են մերոնք աճապարում պարտքի տակ ընկնել, հաճախ այդքան էլ հասկանալի չէ: Չէ, այնպես չէ, որ չեն հայտարարում նպատակի մասին, պարզապես խիստ կասկածելի է թվում այս կամ այն վարկի նպատակահարմարությունը:

 

Դիցուք, երեկ հայրենի խորհրդարանում քննարկվում էր «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» կոչվող վարկային համաձայնագիրը, որը, պարզվում է, բավական վիճելի նախաձեռնություն է իրենից ներկայացնում:

 

Նշենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը սույն նախագծով համայնքային, մարզային ճանապարհների համար 25 տարով հատկացնում է 40 մլն դոլար վարկ՝ 190 կմ ճանապարհ վերակառուցելու համար: Իսկ սխալը, մասնավորապես, այն է, որ բավական վիճելի հարց է մնում վարկի վերցման տնտեսական նպատակահարմարությունը. 25 տարով մտնել վարկային պարտավորվածության տակ մի բանի համար, որի իմաստն այնքան էլ հասկանալի չէ, մարազմի է նման:

 

Հարց է առաջանում՝ արդյոք ճի՞շտ է որևէ տեսակի վերանորոգման համար ընկնել հավելյալ ֆինանսական բեռի տակ, չէ՞ որ մենք այդ վարկով ոչ մի էական խնդիր չենք լուծում, քանի որ առաջիկա 25 տարվա ընթացքում ստիպված ենք լինելու մի քանի անգամ ևս կատարել վերանորոգման աշխատանքներ: Սույն վարկը բավական վիճելի է թվում նաև մեկ այլ պատճառով. բանն այն է, որ ցանկացած տեսակի վարկ վերցնելիս պետք է ունենալ համապատասխան քանակական ցուցանիշ, ասել կուզի՝ նախապես հաշվարկել, թե հատկապես որն է լինելու վարկով ձեռնարկված նախաձեռնության բերած օգուտը, ինչ ժողովրդատնտեսական ազդեցություն է ունենալու այն:

 

Պարզվում է, որ այս վարկը նման վերլուծությունների չի էլ ենթարկվել, ու չնայած դրան՝ կառավարությունը գնում է այդ քայլին՝ հաշվի չառնելով ոչ մի տնտեսագիտական նորմ:

 

Ընդհանրապես, եթե ուշադիր հետևում եք Հայաստանի տնտեսական կյանքին, ապա նկատած կլինեք, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանին սկսել են բավական արագ տեմպերով վարկավորել:Թե հատկապես ինչով է այդ հանգամանքը պայմանավորված, իհարկե, թողնում եմ յուրաքանչյուրիդ դատին, բայց նախքան ոմանց՝ միջազգային հանրությանը մեծ հայասեր հռչակելը՝ կխնդրեի հաշվի առնել մի կարևորագույն հանգամանք. վարկերի տրամադրումը, սովորաբար, արվում է ոչ թե այս կամ այն երկրի տնտեսությունը ճահճից դուրս բերելու համար,այլ՝ կոնկրետ երկրի վրա ազդելու հավելյալ ֆինանսական լծակներ ունենալու՝ խիստ պրագմատիկ հաշվարկներից ելնելով:


Դատելով հայրենի խորհրդարանում երեկ տիրող թեժ մթնոլորտից, ոմանց տաքարյուն ելույթներից՝ կարելի է վստահաբար ասել, որ այնտեղ ևս ոմանք հասկացել են այս պարզագույն ճշմարտությունը ու առանձնապես ոգևորված չեն վարկավորվելու հեռանկարից: Սա այն դեպքերից է, երբ լուրն առնելուն պես չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս:


Դավիթ Բաբանով