«Լսել եմ, որ այսօր ինչ-որ քաղցր էլ են նվիրում, գիտեմ, որ Վալենտինը մեր տոնը չէ, բայց դե տոները էդքան էլ կապ չունեն, ձեռքդ ինչքան լինի, հա նվեր կառնես»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց 24-ամյա մի երիտասարդ, ով իր սիրած աղջկա համար ծաղկի սրահներից մեկում գնումներ էր կատարում:

Մեզ՝ հայերիս համար, ոչ եկեղեցական, օտար տոն համարվող Սուրբ Վալենտինը հայ երիտասարդների համար ընկալվում է որպես սիրո տոն, և այն հերթական անգամ սիրահարներին միմյանց անակնկալ մատուցելու առիթ է ընձեռում: Այս օրը հայ սիրահարների նախասիրությունների, ծաղիկների գների խանութների առաջարկների մասին Tert.am-ի ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ նախորդ տարիների նման այս տարի էլ սիրահարների տոնի գերակշռող նվերը կարմիր վարդն է, միայն թե այս անգամ պահանջված նվեր է նաև քաղցրավենիքներով համադրված կոմպոզիցիան:

«Այսօրվա հաճախորդների ծանրակշիռ մասը երիտասարդներ են, պատվիրում են զանազան սրտիկներով, աքսեսուարներով պատրաստված կոմպոզիցիաներ, ինչպես նաև բնական ծաղիկներից կամ կոնֆետներից հավաքված կոմպոզիցիաներ: Գույներից գերակշռողը կարմիրն է, և իշխող թեման՝ սերը»,- մեզ հետ զրույցում ասաց «Բրաբիոն ֆլորա սերվիսի» PR մենեջեր Ծովինար Սարգսյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ իրենք շատ պատվերներ ունեն նաև մի քիչ ավելի տարիքով մարդկանց կողմից, ովքեր իրենց կանանց համար են նվերներ գնում, և նրանք հիմնականում ծաղիկներ և քաղցրավենիքներով կոմպոզիցիաներ են պատվիրում, իսկ ավելի երիտասարդները նախընտրում են խաղալիքներ: Ընկերության առաջարկած պատվերներն ամենատարբեր չափերի և գների են, մոտավորապես սկսվում են 1000-2000 դրամից և հասնում են մինչև մի քանի հարյուր հազարի: «Գերակշռում են հատկապես կարմիր վարդերը, և մնացած ծաղիկները հիմնականում նախընտրում են տարբեր աքսեսուարներով զարդարված»,- ասաց նա:

Երևանի Մաշտոցի 14 հասցեում գտնվող «Ֆլորանա» ծաղկի խանութում ծաղիկների գինը նույնպես սկսում է 1000 դրամից: Գնորդները շատ են, նրանց պահանջները՝ զանազան: Խանութի տնօրեն Հարութի ներկայացմամբ՝ տարիքային տարբեր խմբերի պահանջները տարբեր են. պատանիները նախընտրում են ավելի «թիթիզ» իրեր, իսկ ֆինանսապես առավել կայացածները կանգ են առնում թարմ ծաղիկների վրա:

«Այդուհանդերձ, ծաղիկների պատվերների դեպքում շատերը նախընտրում են ավելի երկարակյաց ծաղիկներ գնել»,- մեզ հետ զրույցում ասաց ծաղկի խանութի տնօրենը:

Հայ սիրահարների՝ ավելի երկարակյաց ծաղիկներ նախընտրելու հանգամանքը փաստեց նաև «Բրաբիոն ֆլորա սերվիսի» PR մենեջերը: Վերջինիս խոսքով շատ են պատվիրում նաև տարատեսակ բույսեր, որոնք մինչև մի քանի ամսվա կյանք ունեն, ինչպես նաև տնային ծաղիկներ:

Դե, իսկ քաղաքի «Տիկ-տակ» ծաղկի խանութի մենեջեր Նունեն էլ շտապեց արձանագրել, որ այս տարի գնորդների թիվը նվազել է, և դա պայմանավորեց գումարի բացակայությամբ: Նման երևույթ, սակայն, ըստ «Բրաբիոն ֆլորա սերվիսի» PR մենեջերի, այս տարի չկա: