Այն, որ Հայաստանում սննդի անվտանգության վերահսկմամբ զբաղվող համապատասխան պետական մարմնի գործունեությունը երբեք էլաչքի չի ընկել իր արդյունավետությամբ, հանրահայտ ու փաստարկված ճշմարտություն է. մամուլում հաճախակի տեղ գտնող սննդի անվտանգությանը վերաբերող տագնապալի հաղորդագրությունները միայն բավարար են, որպեսզի կարողանանք հաստատապես պնդել, որ այս պետական կառույցը մեկն է այն գերատեսչություններից, որոնք ակնհայտորեն թերանում են իրենց գործառույթների մեջ: Իսկ թե հատկապես որն է այդ թերացման բուն պատճառը, այդպես էլ մնում էր, կարծես, չպարզաբանված. ոմանք այդ հանգամանքը պայմանավորում էին աշխատակիցների ունեցած ոչ բավարար պրոֆեսիոնալ ունակություններով, ոմանք թափթփվածությամբ:

 

Սակայն համաձայնե՛ք՝ առաջին բանը, որ նման պարագաներում մարդու գլխով անցնում է, համակարգում հավանական կոռուպցիոն դրսևորումներն են, կաշառակերությունը, որոնք էլ, ինչպես ներհայաստանյան դաժան իրականությունն է աներկբայորեն փաստում, հիմնականում ընկած են լինումայս կամ այն պետական մարմնի վատ աշխատանքի հիմքում. մասնագիտական կարողությունները կատարելագործելու փոխարեն՝ մերոնք նախընտրում են կատարելագործվել կաշառակերության մեջ՝ տարեցտարի է՛լ ավելի հմտանալով այդ նուրբ գործում:

 

Այսպես. հայրենական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով օրերս ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները:


Ըստ շրջանառվող լուրերի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է՝ աներձագը: Ինչպես նշվում է մամուլում, դեպքն այս տեղի է ունեցել հունվար ամսին, երբ այցելելով կենտրոնի խանութներից մեկը և ժամկետանց սնունդ հայտնաբերելով՝ ՍԱՊԾ աշխատակիցները ոչ թե ստիպել են ոչնչացնել այն, այլ կաշառք վերցնելով՝ հեռացել:

 

Ւհարկե ասել, թե սույն կոռուպցիոն դրսևորումն առաջինն ու վերջինն է համակարգում, աններելի միամտություն կլիներ. ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մեր վերահսկողական մարմիններից շատերն արդեն վաղուց վերածվել են կոռուպցիայի օջախների, որոնց շատ աշխատակիցներ զբաղված են ոչ թե իրենց բուն գործառույթներով՝ վերահկմամբ, այլ դրա քողի ներքո կլորիկ գումարներ գրպանելով այն տնտեսվարողներից, որոնք, այս կամ այն հանգամանքներից ելնելով, անբարեխիղճ են գտնվել իրենց գործունեության մեջ:

 

Կարծում ենք՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նման իրավիճակը ձեռնտու է ոչ միայն կաշառակերներին, այլև, որ ոչ պակաս ուշագրավ է, կաշառատուներին. որոշակի «թուլափայ» շպրտելով չինովնիկներին, տնտեսվարողները հանգիստ իրենց միլիոններն են շարունակում վաստակել՝ թքած ունենալով, թե ասենք տվյալ ժամկետանց ապրանքը,որը կարող է նույնիսկ մահացու թունավորումների պատճառ հանդիսանալ, քանիսի սեղաններին կհայտնվի. այդպիսիների համար փողից բացի՝ այլ արժեք գոյություն չունի ու խիղճները գրպանները դրած՝ օրնիբուն զբաղված են միայն «կանաչներ» կորզելով:

 

Թե հատկապես ինչ զարգացումներ կստանա սույն գործը, ցույց կտա ժամանակը, բայց որ այն հատկապես անհարմար դրության մեջ է գցել որոշ բարձրաստիճանների, կարծում ենք, անկասկած է:

 

Դավիթ Բաբանով