Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ չնայած Հայաստանի պարենի շուկայում արդեն վաղուց է, ինչ եվրոպական գներ են հաստատված, սակայն մեզ այդպես էլ չի հաջողվում աշխատավարձերը համապատասխանեցնել գործող գների մակարդակին: Արդյունքում՝ շատ քաղաքացիներ, որոնք աշխատանքային գործունեություն են ծավալում տնտեսության զանազան ոլորտներում, պետական համակարգում, սեփական չոր աշխատավարձով ունակ են լինում լավագույն դեպքում ապրել ընդամենը 10-15 օր, որից հետո ստիպված են լինում ձեռնամուխ լինել եկամտի այլընտրանքային աղբյուրների որոնմանը, որում, ցավոք, ոչ բոլորն են հաջողում. այսօր շատ քաղաքացիներ ստիպված են աշխատել մի քանի աշխատավայրում, որպեսզի կարողանան հոգալ սեփական կարիքներն ու քիչ թե շատ մարդավայել կյանքով ապրել:

 

Իհարկե, կխնդրեի հաշվի առնել, որ ոչ բոլորին է հաջողվում մի քանի տեղ աշխատանք ունենալ, և շատերը հաճախ ստիպված են լինում բավարարվել ընդամենը մեկ աշխատատեղով: Հայաստանում միջին աշխատավարձի մասին պաշտոնական տվյալներ իհարկե կան, ու եթե մեզ հիմարի տեղ դնենք ու հավատանք նույն այդ պաշտոնական վիճակագրությանը, ապա պետք է համարենք, որ այն մոտ է 200 000 դրամի շեմին: Բայց դե բոլորս ենք հասկանում, որ ներկայումս Հայաստանում շատ քչերը կարող են պարծենալ 200 000-ին մոտ աշխատավարձ ունենալով. աշխատավորների հիմնական զանգվածը ներկայումս ստիպված է բավարարվել 150 000-ից էլ պակաս ամսական եկամտով, ինչը, հաշվի առնելով մեր խանութներում գործող գները, բնավ էլ բավարար չի կարող համարվել՝ փոքրիշատե նորմալ կենսամակարդակ ապահովելու համար:

 

Համաձայն մի շարք սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ Հայաստանից նկատվող արտագաղթի բարձր տեմպերի հիմնական պատճառներից մեկը, բացի երկրում աշխատատեղերի պակասից, նաևաշխատավարձերի խիստ ցածր լինելու հանգամանքն է, որը, համաձայնե՛ք, ոչ պակաս մտահոգիչ է, քան առհասարակ հավելյալ աշխատեղերի բացակայությունը:

 

Մի շարք մասնագետների համոզմամբ, օրինակ, երկրում տնտեսական նման վիճակը մեծապեսպայմանավորված է Հայաստանի տնտեսությունում առկա մենաշնորհներով, գերիշխող տնտեսավարողների կողմից սեփական դիրքերի չարաշահմամբ: Բանն այն է, որ երբ ուսումնասիրում ենք սպառողական շուկայում առկա ներքին գները, անմիջապես հասկանալի է դառնում, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող համադրվել այն գների հետ, որոնք առկա են արտադրող երկրների շուկաներում: Իսկ նման անհեթեթ իրավիճակի պատճառը, պարզվում է, մեր տկարությունն է՝ վարելու իրական հակամենաշնորհային քաղաքականություն՝ բավարարվելով միայն հայաստանյան շուկայում որոշ տնտեսվարողների ունեցած գերիշխող դիրքի որոշակի կարգավորում իրականացնելով: Արդյունքում ստացվում է, որ, օրինակ, միևնույն միրգը հայաստանցիներս 3 անգամ ավելի թանկ ենք գնում այստեղ, քան դա անում են Ռուսաստանում. նման իրավիճակի պատճառը երկրում տնտեսական մրցակցության համար պատասխանատու սուբյեկտի գործունեության խիստ թերի լինելն է, պետական համակարգում վխտացող կոռուպցիայի նյութական ապացույց:

 

Բոլորիս համար պետք է հստակ լինի մեկ պարզ բան՝ քանի դեռ հայրենի կառավարությունը չի հայտնել իրական վճռականություն՝ պայքարելու ոչ թե, այսպես ասած, մոնոպոլ դիրքերի չարաշահման, այլ՝ մոնոպոլիաների գոյության դեմ, մենք դատապարտված ենք լինելու ապրել մի քանի անգամ ավելի վատ ու միևնույն ապրանքի համար վճարել մի քանի անգամ ավելի թանկ, քան շատ երկրներում:

 

Դավիթ Բաբանով