Առանց կրակի ծուխ չի լինում, ու որքան էլ հերքվեն օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե քոչարյանական թևը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ նոր կուսակցություն է պատրաստվում ստեղծել, միևնույն է՝ ես դա առավել քան հավանական եմ համարում: Դրան պետք էր սպասել, որովհետև Ռոբերտ Քոչարյանն, ըստ իս, հեշտ հանձնվողներից չէ և եթե նա ի վերջո մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա նա դրա համար ուղիներ կփորձի գտնել, որքան էլ նրա դեմը փորձեն փակել:

 

 

Քոչարյանի առաջին նախագիծը ԲՀԿ-ն էր, որի վրա ինքը պետք է հենվեր: Բայց, ինչպես տեսանք, նախագիծը տապալվեց, երկրորդ նախագահի հույսերը չարդարացան, այսօրվա ԲՀԿ-ն էլ արդեն առաջվա ԲՀԿ-ն չէ, և բնական է՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի քաղաքական դաշտում նոր հենարան է պետք, որը կարող է լինել նոր ստեղծվող քաղաքական ուժի, կուսակցության տեսքով: Եվ խիստ տրամաբանական է, որ այդ քաղաքական ուժը կարող է գլխավորել հենց Վարդան Օսկանյանը, ում՝ Քոչարյանի ներկայացուցիչ լինելը որևէ մեկի համար նորություն չէ: Տրամաբանական է նաև, որ նորաստեղծ կուսակցությունում կարող են ընդգրկվել մի շարք նախկին ԲՀԿ-ականներ, նախկինում ԲՀԿ-ամետ, իսկ իրականում՝ քոչարյանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքագետներ:

 

 

Նաև հայտնի է, որ ներկա պահին ԲՀԿ-ի ներսում հակասություններ կան, մասնավորապես կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի և իր կուսակիցների միջև՝ կոալիցիա մտնել-չմտնելու հետ կապված: Տեղյակ ենք, որ ԲՀԿ-ականների մեծ մասը կողմ է կոալիցիա մտնելուն և դժվար թե հեշտությամբ համակերպվի կուսակցության նախագահի որոշման հետ: Այսինքն՝ այստեղ նույնպես կարող են հետաքրքիր զարգացումներ լինել և նոր քաղաքական ուժի ստեղծվելու դեպքում չի բացառվում, որ ներկայիս ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ նույնպես իրենց տեղը գտնեն նորաստեղծ կուսակցությունում:

 

 

Այս ամենը, իհարկե, դեռ հաստատ չէ, այլ զուտ ենթադրություններ են, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Շարունակենք հետևել իրադարձություններին:

 

 

Կարեն Վարդանյան