Փետրվարի 22-ին սկսվող քառօրյա նիստերի ժամանակ Ազգային ժողովում կընտրվի Հայաստանի Մարդու իրավունքների նոր պաշտպանը:


Այդ պաշտոնում ՀՀԿ խմբակցությունն առաջադրել է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանին, ում սատարում է նաև ՕԵԿ-ը, ՀԱԿ-ում այդ հարց դեռ չեն քննարկել, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ հայտնել է, որ ինքը Փոստանջյանին անձամբ խոստացել է քվեարկել նրա օգտին:


ԲՀԿ-ն առաջադրելու է ՄԻՊ սեփական թեկնածուին՝ Մակար Եղիազարյանին:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ԲՀԿ թեկնածուից հետաքրքրվեց՝ քանի որ բավականին ուժեղ և հանրության շրջանում ճանաչված մրցակիցներ ունի, որքանո՞վ է հնարավոր համարում իր ընտրվելու հավանականությունն այդ պաշտոնում, որին ի պատասխան թեկնածուն ասաց.

 

- Ճանաչելով ու բարձր գնահատելով մյուս թեկնածուների մասնագիտական կարողություններն ու աշխատանքային ներդրումը՝ կարծում եմ՝ ես չէ, որ պետք է գնահատեմ նրանց կամ իմ ընտրվելու հնարավորությունները: Մյուս կողմից էլ՝ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցում հանրության շրջանում լայն ճանաչման աստիճանը չէ կարևոր գործոնը: Նշված ընտրությունը մեծապես պայմանավորված է քաղաքական ուժերի քաղաքական մոտեցումներով: Այսինքն՝ հասարակությունն անմիջական մասնակցություն չունի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցում, ուստի հնարավոր չէ թեկնածուներին գնահատել և ընտրվելու հնարավորությունները չափել հանրային ճանաչման գործոնով: Իսկ եթե որպես չափորոշիչ ընդունենք հանրային ճանաչման գործոնը, ապա հանրային ճանաչման բարձր աստիճանը միշտ չէ, որ ենթադրում է հասարակության կողմից դրական ընկալում: Վստահ եմ մի բանում, որ մյուս թեկնածուները ևս պատրաստ են իրենց լուրջ ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության իրապես խիստ կարևոր գործում:

 

Իմ ընտրվելու հավանականության հիմքում դնում եմ իմ կրթությունը, աշխատանքային փորձը, հասարակական ոլորտում գործունեությունն ու այն գաղափարները, որոնցով առաջնորդվել ու առաջնորդվում եմ:

 

- Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն այս անգամ էլ կանցկացնի իր թեկնածուին:


- Ասել, որ ընդհանրապես ընտրությունների վերաբերյալ հայ հասարակությունը վստահություն ունի, չեմ կարող: ՀՀԿ կողմից առաջադրված լինելն էլ հասկանալի պատճառներով մեծացնում է տվյալ թեկնածուի ընտրության հնարավորությունները: Սակայն բոլորս ենք հասկանում, որ սա այն պաշտոնը չէ, որին ձգտում են այնպես, ինչպես պետական մյուս բարձր պաշտոններին, քանի որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին բաժին ընկնող գործը նախևառաջ ծանր ու պատասխանատու աշխատանք է: Հետևաբար իրենց թեկնածուին «անցկացնելու» միտումը այս դեպքում չունի այն ընդգծվածությունը, ինչ այլ դեպքերում: Բացի այդ, կարծում եմ' իշխող կուսակցությունն այս կամ այն բնագավառում ազդելու համար լծակների պակաս չունի, ուստի կարող է և հանգիստ վերաբերել նրան, որ ՄԻՊ-ի պաշտոնում սեփական թեկնածուին չտեսնի: Առողջ մտածողությամբ առաջնորդվելու դեպքում ենթադրելի է, որ անգամ իշխող կուսակցությանն են անհրաժեշտ զսպումների և հակակշիռների արդյունավետ հասարակական և քաղաքական համակարգեր: Իշխանական օղակում ևս շատերը հասկանում են դա ու հաճախ խոսում այդ մասին:

 

Ճիշտ գաղափարներով առաջնորդվող իշխանությանն անհրաժեշտ է դա,ևւ այն պետք է առաջնորդվի ոչ թե սեփական թեկնածուին առաջ մղելու, այլ իրապես մարդու իրավունքների պաշտպանության խնդրով: Դրան ՀՀԿ-ն իր թիմի միջոցով կարող է հասնել առաջին հերթին պետական այլ պաշտոններում, մասնավորապես, արդարադատության և ուժային համակարգերում: Մարդու իրավունքների պաշտպանության միջոցներ ձեռնարկելուց առաջ շատ ավելի կարևոր է այդ խախտումների կանխարգելումը, որն էլ հենց պետք է լինի ՀՀԿ առաջնային մտահոգությունը:

 

-Ինչպե՞ս եք պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ձեր գործունեությունը:


ՄԻՊ պաշտոնը առաջին հերթին համարում եմ կարևորագույն ու անձնազոհ առաքելություն իրավապաշտպան գործունեության ոլորտում և այն չեմ դիտարկում որպես «պաշտոն» դրա դասական իմաստով: Նախկինում փաստաբանական գործունեությունը մշտապես գերադասել եմ պետական համակարգում աշխատանքից և զերծ եմ մնացել նման առաջարկներից ու պաշտոններ զբաղեցնելու գայթակղությունից:


Ելնելով փաստաբանական գործունեության մեծ փորձից՝ քաջատեղյակ եմ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ եմ վերաբերում ՄԻՊ աշխատանքին և պատրաստ եմ իմ ողջ մասնագիտական ներուժն օգտագործել մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերացման և նախկինում արդեն իսկ մեկնարկած արդյունավետ գործընթացները շարունակելու հարցում:

 

- Այդ ոլորտում կա՞ն այնպիսի բացթողումներ, որոնք արդեն իսկ Ձեր ուշադրության կենտրոնում են, և որոնց լուծման հնարավոր տարբերակներն ունեք:


- Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն այնքան ընդարձակ է, իսկ խախտումներն՝ այնքան տարածված ու շարունակական, որ հնարավոր չէ հասնել խախտումների ամբողջական բացառմանը: Խնդիրը վերաբերում է ընդամենը գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը, աշխատասիրությանը և սկզբունքայնությանը, որոնց առկայության պարագայում կարելի է ցանկացած ոլորտում հասնել հաջողությունների:

 

Նախկին Պաշտպանների գործունեությանը վերաբերում եմ հարգանքով և գտնում եմ, որ նոր պաշտպանը պետք է շարունակի ինչպես դրական փորձը, այնպես էլ ներդնի նոր մոտեցումներ և մեթոդներ ՄԻՊ գործունեության արդյունավետության բարձրացման հարցում:
Հատկապես կարևորում եմ դատարանների անկախության խնդիրը՝ գտնելով, որ իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացման առավել արդյունավետ ճանապարհը անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգ կերտելն է: Առավել կարևոր բնագավառներից մեկն էլ բանակն է՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության գերկարևորությամբ: Ինքս անցած լինելով պարտադիր զինվորական ծառայության բովով՝ քաջատեղյակ եմ ինչպես առկա խնդիրներին, այնպես էլ որոշակի տեսլական ունեմ այդ խնդիրների նվազեցման եղանակների վերաբերյալ: Առկա են բազմաթիվ չլուծված և շարունակական խախտումներ նաև առողջապահության, սոցիալական ապահովության և այլ կարևոր ոլորտներում, առկա են խտրականության բազմաթիվ դրսևորումներ, որոնք կարող են նվազեցվել միայն համառ և սրտացավ աշխատանքի արդյունքում:

 

Ն.Ա.