Համաձայն շուկայում կատարած վերջին ուսումնասիրությունների՝ Հայաստանում կրկին գրանցվել է պարենամթերքի աճ: Եթե համեմատելու լինենք այս տարվա հունվարի գները անցած տարվա դեկտեմբերի գների հետ, ապա կպարզենք, որ նույնիսկ այս խիստ կարճ ժամանակահատվածում մեր երկրում պարենամթերքը թանկացել է մի ամբողջ 5%-ով:

 

 

Իհարկե, գների թանկացման նման ցուցանիշներն այն աստիճան անբնական չեն, որ սկսենք խուճապի մատնվել ու ասել, թե ներքին շուկայում ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում, սակայն կցանկանայինք բոլորիդ ուշադրությունը հրավիրել մի հետաքրքրական հանգամանքի վրա. գյուղմթերքի որոշ տեսակների մասով ունենք բավական լուրջ գնաճ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բանջարեղենին ու բոլորիս համար անփոխարինելի դարձած կարտոֆիլին. սրանց մասով գրանցվել է 31.5% գնաճ:



Թե հատկապես ինչի հետ է այս տարօրինակ գնաճը պայմանավորված, մնում է այդպես էլ անհասկանալի, սակայն ակնհայտ է, որ այս ամենն արհեստական գործընթացների արդյունք կարող է լինել, քանի որ, ինչպես նախօրոք հայտարարել էին գյուղատնտեսության նախարարությունից, 2015-ին Հայաստանում հավաքվել է աննախադեպ քանակության բերք. ինքներդ եք, հավանաբար, հիշում առուները լցրած վարունգների մասին պատմող՝ ԶԼՄ-ների հաղորդագրությունները:

 

 

Կարտոֆիլի բերքը ևս անցած տարի բավական առատ է եղել, ինչը, ըստ տրամաբանության, պետք է որ նպաստեր ոչ թե գնաճին, այլ ճիշտ հակառակ գործընթացին: Բայց ունենք այն, ինչ ունենք ևպարտավոր ենք համապատասխան հետևություններ անել: Իսկ առաջին իսկ հետևությունը, որ մարդու գլխում ծագում է, երկրում բանջարեղենի ու կարտոֆիլի փաստացի, բայց այդպես էլ չհայտարարած դիֆիցիտի առկայությունն է, ինչն էլ, իր հերթին, կարող է պայմանավորված լինելերկու հանգամանքով. կա՛մ հայտարարվածից քիչ բերք ենք ստացել, կա՛մ էլ ինչ բերք ստացել ենք, ստիպված ուղղել ենք արտահանմանը՝ երկիր անհրաժեշտ քանակության արտարժույթի ներհոսք ապահովելու նպատակով:

 

 

Վերլուծելով մեր երկրի տնտեսական իրողությունները՝ մենք առավել հակվում ենք երկրորդ տարբերակին. չունենալով արտահանման ենթակա բավարար քանակությամբ արտադրատեսակներ՝Հայաստանը, մանավանդ վերջին տարիներին, վերածվել է ընդամենը գյուղմթերք արտահանող երկրի:Եթե ուրիշները հավելյալ շուկաներ են փնտրում՝ իրացնելու իրենց արդյունաբերական արտադրանքը, ապա մենք փաստացի ստիպված ենք մնալ եղանակի հույսին, ինչը, իհարկե, մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսության՝ վերջին տասնամյակների ապաարդյունաբերացմամբ, որի բնական պտուղներն էլ մենք այսօր ստիպված ենք լինում քաղել:

 

 

Ակնհայտ է, որ կարտոֆիլ ու բամիա արտահանելով՝ 21-րդ դարում հեռուն չես գնա, քանի որ ժամանակակից աշխարհում ինչ-որ կերպ նկատելի դառնալու համար անհրաժեշտ է զարկ տալ նախևառաջ տնտեսության արդյունաբերական ճյուղին, ինչը մեր երկիրը, ելնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյետիվ պատճառներից, գոնե առաջիկայում իրեն չի կարող թույլ տալ. լավագույն դեպքում կրկին ստիպված ենք լինելու ապավինել եղանակի բարեհաճությանը:



Դավիթ Բաբանով