Հայաստանում ստեղծված ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում գոյատևելը շատերի համար դարձել է անհնարին, ինչն էլ արտագաղթի բարձր տեմպերի հիմնական դրդապատճառն է: Իհարկե այն, որ պաշտոնական վիճակագրությունն այսպիսի դեպքերում խիստ ժլատ է գտնվում, հայտնի իրողություն է. ելնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից`այն հաճախ ստիպված է լինում կոծկել իրական թվերն ու հանրությանը հրամցնել այնպիսի տվյալներ, որոնք չեն կարող առանձնակի մեծ խուճապի առիթ հանդիսանալ, որոնք, այսպես ասած, ճչացող չեն լինի: Բայց նույնիսկ այս պարագայում`ստիպված ենք ամրագրել, որ ոչ միշտ է մեր պետական վիճակագիրներին հաջողվում իրենց թվերով քողարկել իրականությունը`ստիպելու մարդկանց նույն այդ իրականության մասին կազմել միանգամայն անիրական պատկերցումներ:

 


Ըստ որոշ մասնագետների`որքան էլ անցանկալի լինի խոստովանելը, սակայն, ստիպված ենք ընդունել, որ Հայաստանում օրեցօր աճում է արտագաղթող կամ արտագաղթել ցանկացող մարդկանց թիվը: Եթե դիմելու լինենք անցյալի տվյալներին, ապա կտեսնենք, որ, օրինակ, 1992, 1993, 1994 թթ-ին Հայաստանից արտագաղթել է մոտ 650.000 մարդ, իսկ արդեն 2007-2013 թթ-ին արտագաղթածների տարեկան միջինը կազմել է մոտ 30.000, ինչը ընդհանուր բնակչության մոտ 1%-ն է: Բանը հասել է նրան, որ որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս` եթե առաջիկայում երկրում արմատական փոփոխություններ չլինեն, ու տնտեսությունը շարունակի անկում ապրել, ապա ամենևին էլ հեռու չեն ժամանակները, երբ Հայաստանը կվերածվի 1մլն-ին մոտ բնակչույուն ունեցող երկրի, ինչը կատաստրոֆիկ կլինի ողջ հայ ժողովրդի համար, և մենք կկանգնենք սեփական հայրենիքն ու պետականությունը կորցնելու եզրին: Նման հոռետեսական սպասումների տեղիք տալիս են նաև որոշ սոցիոլոգիական ուսումնասիրություններ, որոնցից պարզ է դառնում`ժողովրդի մի ահռելի զանգվածի մոտ տիրում է ճամպրուկային տրամադրություն. մեզանից շատերը, առաջին իսկ հնարավորության դեպքում, պատրաստ են վաճառել ողջ ունեցվածքն ու անվերադարձ մեկնել երկրից: 

 

 

Չնայած այս ամենին, մեղադրել հայությանը հայրենասիրության պակասի մեջ մենք չենք պատրաստվում` հասկանալով, որ երկրում մնալու ու կենսագործելու համար բացառապես հայրենասիրական խորը զգացմունքներն ամենևին էլ բավարար չեն կարող համարվել. հարկավոր է ստեղծել իրական պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ինքնառեալիզացվել այստեղ` երկրի հետ կապ հաստատելով ոչ միայն ծագումնաբանական առանձնահատկությունից ելնելով, այլև` զուտ գործնական: 

Դավիթ Բաբանով