Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' Չիլիից հետո Էկվադոր այցն ավարտվել է թուրք նախագահի համար մի շարք տհաճ և աղմկահարույց իրադարձություններով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Էկվադորի համալսարանում ելությի ժամանակ դահլիճում գտնվող մի խումբ երիտասարդներ և կանայք պահանջել են նրա հրաժարականը' քննադատելով փոքրամասնությունների' հատկապես քրդերի նկատմամբ նրա քաղաքականությունը: Էրդողանի թիկնապահները կանանց նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրանց հեռացրել են դահլիճից և դրսում ծեծի ենթարկել: Նրանք ջարդել են միջադեպը նկարահանող լրագրողների տեսախցիկները և հայհոյանքներ տեղացել լրագրողների հասցեին: Թուրք թիկնապահները կանանց նկատմամբ գործադրած բռնությունը դատապարտելու համար անգամ ծեծի են ենթարկել Էկվադորի խորհրդարանի իշխող կուսակցության «Ալյանս Պաիս» (Երկրի դաշինք) խմբակցության անդամ պատգամավոր Դիեգո Վինտիմիլային:

 

Միջադեպից հետո Էկվադորում Թուրքիայի դեսպան Քորքութ Գյունգենը կանչվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել Էրդողանի թիկնապահների անվայել պահվածքի համար:

 

Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն հայտարարել է, որ պատրաստվում են բողոքի նոտա հղել Անկարային:

 

«Ի տարբերություն Թուրքիայի՝ Էկվադորում խոսքի ազատություն կա, և Թուրքիայի անվտանգության ուժերը չեն կարող ագրեսիա թույլ տալ իրենց կարծիքն արտահատող մեր քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Պատինոն:

 

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Էրդողանին բողոքներով են դիմավորել նաև Չիլիում: Ինչպես Էկվադորում, այնպես էլ Չիլիում Էրդողանին դիմավորել են «Մարդասպան», «Իսլամական պետության աջակից» պաստառներով:

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էկվադորում Էրդողանի թիկնապահների բռնության դեմ ստորագրահավաքի արշավ է սկսվել: Էկվադորի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են դատական գործ հարուցել Էրդողանի թիկնապահների դեմ: