Հերթական անգամ կարծես թե փորձում են Հայաստանն օգտագործել սեփական խնդիրները լուծելու, սեփական թշնամիներին պատժելու նպատակով: Ռուս պատգամավորները, որոնք ՌԴ Պետդումայում բարձրացրել են 1921թ. Թուրքիայի հետ կնքած Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարելու հարցը և այդտեղ ակնկալում են նաև Հայաստանի աջակցությունը, համոզված եմ, որ ամենևին էլ հայերի սիրուն աչքերի համար չեն անում դա, այլ Թուրքիային են ուզում կմճտած, ապտակած լինել՝ հայերի օգնությամբ:

 

 

Հայերի համար սա առաջին հայացքից կարող է ոգևորող լինել, որովհետև այդ նույն Մոսկվայի պայմանագրով են հայկական որոշ հողեր հանձնվել Թուրքիային և Ադրբեջանին: Հայերից ոմանք միգուցե կոգևորվեն՝ միամտաբար մտածելով, թե այդ գործընթացից կարելի է տարածքների վերադարձ ակնկալել՝ մոռանալով, որ տարածքները վերադարձվում են միայն կռվով:

 

 

Անշուշտ, պետք է հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և պետք է հնարավորինս օգտվել ստեղծված վիճակից, միջամտության անհրաժեշտության դեպքում էլ, բնականաբար, այդ միջամտությունն անել ի վնաս Թուրքիայի, սակայն առանձնապես էական ակնկալիքներ Հայաստանի համար այս ամենից ունենալն անիմաստ եմ համարում: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ սա Ռուսաստանի և Թուրքիայի խնդիրն է, իսկ Հայաստանը այստեղ նույնիսկ երկրորդական դեր չունի, այլ ընդամենը հարված հասցնելու միջոց է, հետևաբար չափից դուրս մեծ հույսեր կապելով իրականում մեզ հետ կապ չունեցող գործընթացների հետ՝ մեզ կդատապարտենք ապրելու հերթական հիասթափությունը, հերթական անգամ մեզ օգտագործված զգալու:

 

 

Իհարկե, եթե ասում եմ՝ մենք պետք է գիտակցենք, «մենք ասելով» նկատի ունեմ նաև իշխանություններին:

 

 

Կարեն Վարդանյան