MI6-ի նախկին աշխատակից Ալիսթեր Քրուքը հայտարարել է, որ սիրիական բանակը՝ ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, ավելի քան երբևէ, մոտ է հաղթանակին: Այս մասին նա գրել է Huffington Post-ի համար իր հոդվածում:

 

Նրա խոսքով՝ Ասադի զորքերը՝ ռուսների աջակցությամբ, արդեն մոտեցել են ահաբեկիչների հենակետին՝ Հալեպ քաղաքին: Իսկ փետրվարի սկզբին, իշխանամետ զորքերն արգելափակել են Թուրքիա տանող զինյալների մատակարարման հիմնական ուղիները:

 

Եթե սիրիացիների հաջողությունը կշարունակվի, և նրանք կմիավորվեն քրդերի հետ, շարժվելով դեպի հյուսիս, ապա «Ջեբհադ ան-Նուսրայի» և ԻԼԻՊ-ի գրեթե բոլոր ուժերը կհայտնվեն կաթսայում:

 

«Անկեղծ ասած, իրավիճակը Սիրիայում, ըստ երեւույթին, չի զարգանում «ճահճի» ուղղությամբ, ինչպես պնդում էին շատ արևմտյան քաղաքական գործիչներ, այլ դեպի հստակ ռազմական ելք»,- ասվում է հոդվածում:

 

Հետախուզության նախկին աշխատակիցն ընդգծում է նաև, որ բանակցային սեղանն, իր կարծիքով, ոչ թե Ժնևում է, այլ «Իդլիբի և Հալեպի ռազմադաշտերում»: