Որքան էլ իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդեն, որ 2015-ի դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի արդյունքում տեղ գտած խախտումները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա, այնուամենայնիվ, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ եթե չլինեին խախտումներ՝ ապա «Այո»-ն հաղթելու ոչ մի շանս չէր ունենա: Այս անգամ դա այն աստիճանի բացահայտ էր, որ դրա վրա աչք չփակեցին նաև եվրոպական կառույցները: Չնայած եվրոպական կառույցների՝ աչք չփակելն անմիջական կապ ունի նաև Հայաստանի՝ արդեն ԵՏՄ անդամ լինելու հետ. դեռ 2012-ի ԱԺ և 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանը հաստատուն քայլերով գնում էր դեպի ԵՄ, ուստի եվրոպական կառույցներն արհեստավարժ ձևով «չէին նկատում» որևէ խախտում մեր ընտրությունների ժամանակ:

 

Ինչևէ, վերադառնամ հանրաքվեի խախտումներին. այս անգամ Եվրոպան չլռեց, և արդեն հայտնի՝ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ զեկույցում կոշտ գնահատական հնչեց Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, դատապարտվեցին հանրաքվեի արդյունքները, նշվեց ընտրախախտումների մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները ձգտում են ամեն դեպքում իրականացնել «և՛, և՛»-ի իրենց մտահղացումը և լինելով ԵՏՄ անդամ՝ հիմա էլ փորձում են ԵՄ-ի հետ մերձենալ այլ ձևաչափով: Եվրոպան, իհարկե, նույնպես դիտարկում է համագործակցության այլ ձևաչափերը և ինքն էլ իր հերթին դեմ չէ Հայաստանին մերձենալուն, սակայն դրա հետ մեկտեղ նաև հստակ մեսիջ է հղում ՀՀ իշխանություններին, որ վերջիններս ինչ-որ իրական, տեսանելի բարեփոխումներ պետք է անեն: Կարծում եմ՝ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ զեկույցը հենց այդ մեսիջն էր:

 

Սա, իհարկե, Հայաստանի իշխանություններին մտածելու տեղիք կտա, մանավանդ որ ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ լրատվամիջոցներին իր տված հարցազրույցներից մեկում ասել է, թե ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ հայտարարությունն իրենք կընդունեն ի գիտություն: Այո, այս անգամ միգուցե ստիպված են ոչ միայն ի գիտություն ընդունելու, այլև որոշակի իրական բարեփոխումներ իրականացնելու, որովհետև արդեն հանգամանքներն են դա թելադրում:

 

Կարեն Վարդանյան