Ըստ որոշ կանխատեսումների՝ 21-րդ դարում աշխարհին սպառնացող հիմնական վտանգներից մեկը լինելու է մոլորակի անապատացման խնդիրը,որը, ըստ էության, Երկրի համընդհանուր ջերմացման հիմնական արդյունքներից մեկն է հանդիսանալու: Ըստ մի շարք միջազգային հեղինակավոր կլիմայագետների՝ Հայաստանը գտնվում է երկրագնդի հենց այն հատվածում, ուր առավել սուր է արտահայտված վերոհիշյալ խնդիրը՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ:

 

Չնայած առկա խնդրին, որը միայն հետզհետե խորանալու միտումներ է դրսևորում, մերոնց պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե վերոհիշյալ խնդիրը՝ կանաչապատ տարածքների իսպառ անհետացման վտանգը, ամենևին էլ մեր երկրին չի վերաբերում, իսկ Հայաստանն էլ գտնվում է տրոպիկական գոտում՝ սաղարթախիտ ու անծայրածիր անտառների սրտում:


Սովորաբար, Հայաստանում անտառահատման թեման առավել արդիական է դառնում տարվա այս ժամանակահատվածում՝ ցրտերն ընկնելու պես: Չնայած գրեթե մշտապես հնչում է ահազանգ այն մասին, որ տարեցտարի Հայաստանի կանաչապատ տարածությունները կրճատվում են, բայց, ինչպես երևում է, դրանից ոչինչ էլ չի փոխվում, և ծառահատման ապօրինի գործողություններ իրակացնողներն ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, շարունակում են իրենց սև գործն անել, ու ողջ երկրում փաստացի չի գտնվում գեթ մեկ չինովնիկ, ով ունակ կլինի կանխել այդ ապօրինի գործողությունները:

 

Մերկապարանոց չհնչելու համար թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել որոշ փաստեր, որոնք բարձրաձայնում են այլ ԶԼՄ-ներ ևս. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից 2015-ի դեկտեմբեր և 2016 թվականի հունվար ամիսներին «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 9 արձանագրություն՝ ապօրինի հատված 14 ծառի և 8 խմ վառելափայտի անտառից ապօրինի դուրս բերման համար: Պակաս ուշագրավ չեն «Անտառների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում 2016թ. փետրվարի 6-ին իրականացված դաշտային աշխատանքների արդյունքները. «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության տարածքում հայտնաբերել է ավելի քան 600 անօրինական հատված ծառ։


Փաստացի ստացվում է, որ Հայաստանի բնության մասին հոգ են տանում ոչ թե պետական համապատասխան մարմինները, այլ հասարակական կազմակերպությունները: Թե հատկապես ինչի հետ է դա կապված, թողնում եմ յուրաքանչյուրիդ դատին, բայց որ նման տեմպերով շարունակելու դեպքում հեռուն չենք գնալու և մեր երկիրը մի օր կանգնեցնելու ենք փաստի առաջ, անհերքելի է. իրերի զարգացման բացասական դինամիկան դրա վառ ապացույցն է:

 

Դավիթ Բաբանով