Փաստորեն, ՀՅԴ-ն ստանում է երեք նախարարական պորտֆել, սակայն մենք հրաժեշտ ենք տալիս երկու նախարարի: Բանն այն է, որ Տարածքային կառավարման նախարարությունը, որն արդեն ղեկավարելու է Դավիթ Լոքյանը, անջատվում է ԱԻՆ-ից, հետևաբար Արմեն Երիցյանը կշարունակի պաշտոնավարել արդեն որպես միայն ԱԻ նախարար: Սա սպասելի էր և տրամաբանական, որովհետև անկախ այն բանից, որ Երիցյանը որպես տարածքային կառավարման նախարար այդպես էլ չկարողացավ աչքի ընկնել և տեսանելի որևէ բան անել, ինչ-որ ձևով բարելավել համակարգը, ԱԻՆ-ը միշտ լավ է ղեկավարել: Արմեն Երիցյանն ինքը լինելով լավ փրկարար՝ որակապես զգալիորեն փոխեց փրկարար ծառայության աշխատանքը Հայաստանում, կարելի է ասել՝ կայացրեց ԱԻՆ-ը: Այդ իսկ պատճառով է, որ, ըստ իս, Երիցյանին որոշել են պահել նախարարի պաշտոնում և դրա ելքը գտել են Տարածքային կառավարման նախարարությունն ԱԻՆ-ից առանձնացնելու մեջ:

 

Մյուս երկու նախարարները ստիպված կլինեն մեզ հրաժեշտ տալ՝ իհարկե, որևէ այլ աշխատանքի անցնելով: Արմեն Աշոտյանն իր տեղը շուտով կզիջի Լևոն Մկրտչյանին: Աշոտյանն, ընդհանուր առմամբ, ամենաշատ քննադատվող պաշտոնյաներից է, սակայն նաև հանրությանն ամենահասանելի պաշտոնյաներից: Աշոտյանն այն եզակի նախարարներից էր, ով անձամբ վարում էր իր ֆեյսբուքյան էջը, անձամբ հասցնում կոնտակտի մեջ մտնել օգտատերերի հետ, պատասխանել մարդկանց նամակներին, արձագանքել իր հասցեին արված գրառումներին և միևնույն ժամանակ հասցնել ղեկավարել ոլորտը: Իհարկե, Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցան նաև անբացատրելի և աբսուրդային երևույթներ, ինչպես օրինակ աստղագիտությունն ու գծագրությունը դպրոցների ուսումնական ծրագրից որպես առանձին առարկա հանելը և էլի քայլեր, որոնք մշտապես հարուցում էին հանրության դժգոհությունը, և ես հույս ունեմ, որ հաջորդ ԿԳ նախարարը կուղղի այդ սխալները, սակայն միաժամանակ կուզեի նաև, որ հաջորդ նախարարն Արմեն Աշոտյանի նման նույնպես լինի հանրությանը հասանելի:

 

Եվ իհարկե, մեզ հրաժեշտ կտա նաև Կարեն Ճշմարիտյանը, ում գործունեության մասին ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց, որովհետև այս անգամ Ճշմարիտյանը շատ կարճ ժամանակ հասցրեց պաշտոնավարել և դժվար թե կարողանար այս ժամանակահատվածում որևէ տեսանելի փոփոխություն իրականացնել: Ճշմարիտյանն ինչպես աննկատ եկավ, այնպես աննկատ էլ գնաց, իսկ նրան փոխարինող Արծվիկ Մինասյանը հանրության կողմից, ընդհանուր առմամբ, ունի դրական ընկալում և հաշվի առնելով, որ գիտելիքներով հարուստ ու փորձառու գործիչ է, կարծում եմ՝ անիմաստ չէ նրա հետ կապված դրական փոփոխությունների ակնկալիքներ ունենալը:

 

Թե կոնկրետ ինչ նոր պաշտոններ կզբաղեցնեն պաշտոնանկ արվող նախարարները, դեռ չեմ կարող ասել, սակայն մի բան հստակ է՝ նրանք անգործ չեն մնա:

 

Կարեն Վարդանյան