Ինչպես գիտենք, Հայաստանը դեռևս հնուց համարվել է ջրառատ երկիր, որն աչքի է ընկնում հատկապես քաղցրահամ աղբյուրների առատությամբ և, որ ոչ պակաս կարևոր է, ջրի որակով: Ինչպես նշում են մի շարք մասնագետներ, ի թիվս այլ առավելությունների՝ ջրառատ երկիր լինելն ունի նաև մեկ այլ դրական կողմ.գյուղատնտեսության զարգացման համար այն խիստ կարևոր պայման է: Բայց արի ու տես՝ ամեն բան այս հարցում այնքան էլ հարթ չէ, ինչպես կարելի է ենթադրել առաջին հայացքից.Հայաստանը հետզհետե զրկվում է իր ստորգետնյա ջրերից:

 

 

Ինչպես փաստում են համապատասխան ուսումնասիրությունները, որ կատարվել են USAID-ի շրջանակներում, Խորհրդային Հայաստանի ժամանակներից ի վեր՝ Արարատյան դաշտում եռակի պակասել են ստորգետնյա ջրերի հավաքման համար բարենպաստ մակերեսները։

 

 

Այսպես. եթե 1983թ. առանց պոմպի ստորգետնյա ջրեր էին ստանում մոտավորապես 32.8 հազար հա ունեցող տարածքից, ապա 2014թ.՝ միայն 10.7 հազարից։ Համապատասխան ուսումնասիրությունները ցավալիորեն փաստում են նաև, որ պակաս ողբերգական իրավիճակ չի տիրում նաև Արարատյան դաշտի ոռոգման ջրերի մասով. շուրջ 30 գյուղում ոռոգման ջրի պակաս է զգացվում: Իսկ թե նման իրավիճակն ինչպիսի անցանկալի հետևանքներով կարող է հղի լինել ողջ երկրի համար, կարծում ենք՝ ավելորդ է նույնիսկ խոսել. բավական է միայն նշել, որ այս մարզը Հայաստանին տալիս է բերքի մոտ 40%-ը, իսկ տեղի գյուղերում ապրում է մոտ 250 000 մարդ:Հուսադրող չէ նաև իրավիճակը՝ կապված Արարատյան դաշտում ոռոգման ջրերի հետ. այստեղի 30 գյուղում ոռոգման ջրի սուր պակաս է զգացվում:

 

 

Եվ այսպես, ինչի՞ հետ կարող է կապված լինել մեր երկրի ջրային պաշարների՝ ստորգետնյա ջրերի հետ կապված խնդիրը: Պարզվում է՝ նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է մեր՝Հայաստանի բնության հանդեպ անխնա վերաբերմունքով. առանց համակարգման ձկնաբուծական տնտեսություններ բացելը և ջրի անկառավարելի կուտակումն այն հիմնական պատճառներն են, որ առաջ են բերել Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի հետ կապված ճգնաժամը։ Փաստացի ստացվում է, որ կրկին ասպարեզ են իջնում նույն այդ անբարեխիղճները, որոնք երբեք էլ չեն փայլել իրենց ժուժկալությամբ: Սակայն հարց է ծագում՝ ո՞ւր էր պետությունն այն ժամանակ, երբ այս կամ այն ձեռնարկատերը՝ ելնելով սեփական գրպանային շահերից, քամուն էր տալիս մայր բնության ռեսուրսները. ո՞ւր էր բնապահպանության նախարարությունը: Այնպիսի տպավորություն է, որ կարծես օտարն ավելի շահագրգիռ է մեր հայրենի բնության պահպանմամբ, քան մենք՝ ինքներս: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, որ ցավալիորեն նման պատկեր է տիրում ոչ միայն սույն դեպքի ոլորտում, այլև առհասարակ գրեթե բոլոր ոլորտներում. ամենուրեք բացակայում է պետական հստակ քաղաքականությունն ու վերահսկողությունը: Հետաքրքրիր է՝ եթե աղբյուրները ցամաքեն, ինչո՞վ է գյուղացին ոռոգելու իր հողը, ո՞վ կպատասխանի այս հարցին: Մնում է պարզապես հուսալ, որ ԱՄՆ աջակցությամբ, այնուամենայնիվ, մեզ կհաջողվի լուծել այս խնդիրն ու կանխել գյուղատնտեսության վերահաս անկումը Հայաստանում, հակառակ պարագայում՝ ստիպված ենք լինելու անգամ վարունգն ու կաղամբը ներմուծել արտերկրից՝ մոռանալով Հայաստանի արևահամ բարի համը:

 

 

Դավիթ Բաբանով