Անկախ այն հանգամանքից, թե ձեզանից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում այս կամ այն միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ոլորտներին առնչվող համաշխարհային զանազան վարկանշային աղյուսակներին, չենք կարող հաշվի չառնել այն, որ աշխարհում երկրների մասին պատկերացում կազմելիս մարդիկ շատ հաճախ առաջնորդվում են հենց նմանատիպ վարկանշային աղյուսակների տվյալներով:

 

 

Եվ այսպես, օրերս միջազգային ընկերություններից մեկը՝ «Վեբոմետրիքս»-ը, որը զբաղվում է աշխարհի բուհերի ուսումնասիրմամբ՝ պարբերաբար հրապարակելով դրանց վարկանշային աղյուսակները, հրապարակել էր իր վերջին ուսումնասիրությունների արդյունքը, ինչից պարզ է դառնում, որ Հայաստանի 37 բուհից, որոնք հայտնվել են այդ ցուցակում, առաջատարը Երևանի պետական համալսարանն է՝ զբաղեցնելով, ուշադրությո՛ւն, 2314-րդ տեղը: Դե ի՞նչ, անակնկալի՞ եկաք, ընկաք ինքնաներշնչանքների գի՞րկը, սթափվե՛ք ուրեմն ու մեկընդմիշտ ինքներդ ձեզ խոստովանե՛ք, որ առանձնապես մեծ ակնկալիքներ այլևս պետք չէ ունենալ, իսկ նման ցուցանիշն էլ այն խայտառակ իրավիճակի բնական արտացոլանքն է, որ տիրում է ՀՀ բարձրագույն կրթության համակարգում տարիներ ի վեր:



Այն, որ հայրենի բուհական համակարգն անկախությունից ի վեր անկում է ապրում, առանձնապես նորություն չէ: Մի կողմ թողնելով բուհերում կրթության որակը, որի մասին խոսելն իսկ այլևս ժամանակավրեպ է, կցանկանայինք մեր ուշադրությունը կենտրոնացնել սոցիալական խնդրի վրա,որը, համաձայնեք, մեր երկրի բոլոր դժբախտությունների հիմնական պատճառն է հանդիսանում: Եթե մեկ բառով բնութագրելու լինեք մեր դասախոսների, պրոֆեսուրայի վիճակը, ի՞նչ եզրույթ կկիրառեք դրա համար:

 

 

 

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես կնախընտրեի «թշվառություն» բառը: Չափազանցնո՞ւմ եմ, չե՞մ ցանկանում տեսնել այն լավը, որ կա համակարգում, ուրեմն՝ փորձե՛ք համոզել ինձ հակառակում, միայն թե խնդրում եմ՝ ձեր խոսքում չանտեսե՛ք դասախոսների՝ հատկապես վերջին շրջանում անտանելի դարձած ծանրաբեռնվածությունն ու ցածր դրույքները. պրոֆեսորները, որպես կանոն, շատ ավելի քիչ են վարձատրվում, քան, ասենք, առաքիչները՝ որոշ ընկերություններում: Դե իսկ բուհերում տիրող ընդհանուր մթնոլորտի մասին խոսելն անգամ ավելորդ է. այստեղ իսկական ստրկատիրական կարգեր են տիրում, իսկ բուհական ղեկավարությունը, որը հիմնականում գտնվում է իշխողների ուղղակի ազդեցության տակ, շարունակում է չխրախուսել ազատ մտածելու մարդու բնական ձգտումը… Այսօրմարդիկ հայաստանյան բուհերում շարունակում են աշխատել հիմնականում երկու պատճառով. կա՛մ նրանք գնալու տեղ չունեն, կա՛մ էլ իրենց աշխատանքն ընկալում են որպես բացառիկ ծառայություն սեփական ժողովրդին (այս վերջինը, թերևս, չխելագարվելու ցանկությունից են իրենք իրենց ներշնչում):

 

 

Հետաքրքիր է՝ Աշոտյանը գիտի՞ այսքան բանի մասին, թե՞ շարունակում է ապրել իր իսկ կողմից հորինված վարդագույն իրականության մեջ, ուր ամեն բան հրաշալի է ու աննման: Չնայած, ասենք, էլ Աշոտյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, մարդը ճամպրուկային տրամադրությունների մեջ է այլևս. մաղթե՛նք նրան բարի ճանապարհ:

 

 

Դավիթ Բաբանով