Այն, որ 2016 թվականը ոչ միայն հայաստանցիներիս, այլև համայն աշխարհի համարհեշտ տարի չի լինելու, կարծում ենք՝ ակնհայտ է. թե՛ ներհայաստանյան, թե՛ համաշխարհային զարգացումների համընդհանուր տրամաբանությունը մեզ դա են հուշում:

 

Բանից պարզվում է, սակայն, որ հնարավոր է՝ ամեն բան այնքան էլ վատ չէ, ու դեռ գոնե կարող ենք ինչ-որ լավ բանի հույս ունենալ: Այն, որ ՀՀ քաղաքացիներին հուզող թիվ մեկ թեման եղել է կա ու դեռ երկար ժամանակ մնալու է երկրումպարենամթերքի չպատճառաբանված բարձր գները, կարծես կասկածից վեր է: Մեր համոզմամբ՝ շուկայում պարենամթերքի գների առումով տիրող անմխիթար պատկերը դեռ երկար ժամանակ չի հեռանալու բոլորիս տեսադաշտից՝ պայմանավորված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ, բնականաբար, սուբյեկտիվ գործոններով: Ու չնայած մի շարք կարևորագույն ապրանքատեսակների գների մասով միջազգային շուկաներում հատկապես վերջին ժամանակներս նկատվող խիստ դրական դինամիկային՝մենք փաստացի ստիպված ենք լինում նույն այդ ապրանքները ձեռք բերել անհամեմատ ավելի բարձր գներովերկրիս պատկան մարմինները, սակայն, չեն շտապում «մատը մատին տալ»՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար:


Բայց սպասե՛ք. մենք ձեզ համար հրաշալի նորություն ունենք. օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ այս տարվա հունվարին՝ անցած տարվա հունվարի համեմատ, Հայաստանումկտրուկ նվազել է, բա չեք ասի, ծիրանի գինը: Այո՛, ձեր աչքերը ձեզ չեն խաբում, հենց՝ ծիրանի: Ավելին՝ ըստ նույն այդ ԱՎԾ-ի՝ վերոհիշյալ միրգն էժանացել է ավելի քան 40%-ով: «Ուշագրավ» է նաև այն, որ նույն այս ժամանակահատվածում կտրուկ էժանացել է նաև ձմերուկը՝ ավելի քան 56%-ով: Պարզվում է, որ Հայաստանում էժանացած մրգերի թվում է նաև սեխը, դեղձը, սալորը…


Ինձ պարզապես մեկ հարց է հետաքրքրում՝ ԱՎԾ-ն հատկապես ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում, երբ որոշում է, թե հանրության համար հատկապես որ խնդրի ուսումնասիրությունն է կարևոր տարվա այս կամ այն ժամանակահատվածում: Համաձայնե՛ք, որ ձմեռվա կեսին ձմերուկի գների մասին պատմող զեկույց հրապարակելը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել մարդկային առողջ տրամաբանության շրջանակներում, ու այդպես էլ անհայտ է մնում այն հարցը, թե հատկապես ինչը կարող էր ստիպել սույն կառույցին տարվա այս եղանակին նման անհեթեթ հայտարարություններով հանդես գալ: Ըստ մեզ՝ ավելի հետաքրքիր կլիներ, օրինակ, եթե նույն ԱՎԾ-ն անդրադառնար շատ ավելի կարևոր ու առաջնային նշանակություն ունեցող սննդամթերքների գներին և հանդես գար սեփական վերլուծությամբ առ այն, թե հատկապես ինչով են պայմանավորված դրանց բարձր գները: Բայց ինչպես տեսնում եք, նրանք նախընտրում են ավելի անշառ բաներից խոսել, քան միամտաբար գնալ ու խրվել իրենց չվերաբերող գործերի մեջ. ինչո՞ւ սեփական անցավ գլուխը դնել ցավի տակ, երբ որոշակի շրջանակներում տեղավորվելով՝ կարելի է հանգիստ ապրել ու բարգավաճել:

 

Դավիթ Բաբանով