Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ բոլորիս անվանի գրող, մեծ մտավորական Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:

 

Հայ ազգը բոլոր ժամանակներում ծնել է մեծություններ, որոնցով հպարտանալու առիթներ ենք ունեցել ոչ միայն հայերս, այլ նաև համայն աշխարհի մարդկությունը: Նրանցից մեկն էլ Հրանտ Մաթևոսյանն է: Հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել անձամբ ճանաչել նրան, նա իր տեսակով մտավորական էր, մարդ, ում հետ ճանապարհ եմ անցել նաև ես։ Շփվելով Հրանտի հետ՝ հնարավորություն էիր ունենում հաղորդակցվելու, մոտ կանգնելու ազգային, հոգևոր արժեքներին: Հիշում եմ, որ Սպարապետը Հրանտ Մաթևոսյանին վարպետ էր անվանում: Ես և լեգենդար 5-րդ բրիգադի բոլոր մարտիկները լավ ենք հիշում 1996 թվականի հանդիպումը վարպետի հետ ազատագրված տարածքում: Հրանտ Մաթևոսյանը Հորադիզի Արալեռում (Դաշքեսան) հանդիպում ունեցավ 5-րդցիների հետ: Դեռ այն ժամանակ ես ու մարտընկերներս համոզվեցինք, որ Հրանտ Մաթևոսյանը մարտիկ է, երկրապահ է և հավերժ էլ երկրապահ է մնալու: Այո՛: Հրանտ Մաթևոսյանը հայ ազգի երկրապահ զավակ էր: Պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանը ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ է։ Վարպետն իր ուրույն մտածողությամբ ու տեսակով մասնակցություն էր ունենում երկրապահական բոլոր միջոցառումներին: Նրա պես մարդիկ են, որ հայրենասիրության օրինակ են սերունդների համար: Մաթևոսյանը հայրենի հողի ու ջրի իսկական նվիրյալ էր: Նա իր բնությամբ ու էությամբ բովանդակություն ու իմաստ էր հաղորդում իր ծննդավայրին:

 

Մաթևոսյանն այն գրողներից էր, ով դասականների շարքում իր տեղը գտավ դեռ կենդանության օրոք: Նա գրական աշխարհ նոր ասելիք ու նոր ոճ բերեց: Նրա գրականությունն ու խոսքը հարուստ էր հարազատ գյուղի բնակիչների առօրյայով, հոգսերով, սուր, բայց սթափեցնող իրականությամբ: Այս ամենը տեսել ու զգացել են մարդիկ, ովքեր բախտ են ունեցել լինել նրա ժամանակակիցն ու վայելել նրա ներկայությունը:

 

Հայի անցած ու անցնելիք ճանապարհը արձակագիրը ճշգրտորեն ներկայացրել է իր ստեղծագործություններում: Եկեք փառքով անցնենք գրողի նշած ճանապարհն ու հիշենք ու մեծարենք նրանց, ովքեր հայրենասիրության ու նվիրումի վառ օրինակ ու կյանքի ուղենիշ են մեր նոր սերնդի դաստիարակության համար:

 

Ծնունդդ շնորհավոր, նվիրյալ երկրապահ:

 

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Մանվել Գրիգորյան