Ըստ պաշտոնական տվյալների, որոնք, ինչպես գիտեք, սովորաբար խիստ տարբերվում են իրականությունից, Հայաստանում կա շուրջ 90 000 գործազուրկ: 3 միլիոնանոց երկրի համար միգուցե և այնքան էլ սարսափելի կարող է չհնչել այս թիվը, սակայն եթե իրատես լինենք և չսահմանափակվենք այս խիստ կասկածելի վիճակագրությամբ, ապա պետք է խոստովանենք, որ իրական պատկերը շատ ավելի տխուր է, քան կարելի է ենթադրել: Որպեսզի համոզվենք այն բանում, որ պաշտոնական տվյալները խիստ լավատեսական են, բավական է նայել եվրոպական երկրների կողմից ներկայացվող վիճակագրությանը. այդ երկրներից շատերում գործազրկությունը տատանվում է 10%-ի սահմաններում, իսկ առանձին դեպքերում էլ՝ հասնում նույնիսկ 15-20%-ի: Իսկ հիմա ցանկանում եմ հարց տալ բոլորիդ. ո՞վ է ձեզանից կարծում, որ ներկայիս Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի բարվոք են, քան, ասենք, Իսպանիայում: Կա՞ այդպիսի մեկը: Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են, և բոլորին է պարզ, որ մեր երկրում գործազրկության իրական մակարդակն անհամեմատ ավելի բարձր է, քան հաղորդում են պաշտոնական աղբյուրները. ենթադրում ենք՝ մոտ է 50%-ին:

 

Իրավիճակի ամբողջ ողբերգությունն այն է, սակայն, որ Հայաստանում գործազրկությունը կարծես միտում ունի խորանալու:

 

Համենայն դեպս, այդ են պնդում այն շշուկները, որ ակտիվորեն սկսել են շրջանառվել հատկապես վերջերս: Այսպես. որոշ աղբյուրների պնդմամբ՝ Հայաստանի խոշոր ձեռնարկություններում հետզհետե խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները։ Ըստ լուրերի՝ գրեթե յուրաքանչյուր ամիս խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։ Իսկ մասսայական կրճատումների պատճառն ընկերությունների ունեցած ֆինանսական դժվարություններն են, որոնք հետզհետե խրոնիկ բնույթ են սկսում կրել: Ասում են՝ իրավիճակն առավել սրությամբ է արտահայտված մանավանդ հանքաարդյունաբերական խոշոր ձեռնարկություններում, ուր, կապված պղնձի միջազգային գների անկման հետ, ստեղծվել է ֆինանսական անելանելի իրավիճակ: Չնայած Հանրապետությունում աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինգներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկությունում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 600-ով:

 

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին կառավարությունում: Միգուցե նախընտրում են չտեսնելո՞ւ տալ երկրում տիրող այն ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը միայն խորանալու միտում ունի: Ի՞նչ եք կարծում, հուզո՞ւմ է արդյոք պատասխանատուներին, թե ո՞ւր են գնալու կրճատման տակ հայտնված քաղաքացիները, ինչպե՞ս են իրենց համար աշխատանք գտնելու մի երկրում, որտեղ առանց այն էլ սակավ աշխատատեղերը հիմնականում նախատեսված են բացառապես մինչև 35 տարեկան փարթամակուրծք շիկահերների համար:

 

Թե որքան կշարունակվի աշխատատեղերի հետ կապված այս ճգնաժամը, դեռևս հայտնի չէ, բայց որ մեր ձեռնարկությունները դեռևս երկար ժամանակ ի վիճակի չեն լինելու շտկել սեփական մեջքն այս հարվածից, կասկածի տեղիք չի տալիս. դա է հուշում մեզ հայաստանյան դաժան իրականությունը:

 

Դավիթ Բաբանով