Եթե Դամասկոսի, Ռուսաստանի և Իրանի իշխանությունները չեն կատարի հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, դա կարող է հանգեցնել Սիրիայում «լրացուցիչ ցամաքային զորքերի» տեղակայմանը: Այս մասին Orient հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

«Եթե Ասադը չի կատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսները չեն ստիպի նրան անել այն, ինչը նրանք են խոստացել ..., ապա համաշխարհային համայնքի անդամները, անշուշտ, բթամիտների պես չեն նստելու և հետևելու դրան»,- մեջբերում «Ինտերֆաքսը» Քերիի խոսքերը:

 

ԱՄՆ պետդեպի ղեկավարը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այն բնակավայրերի ռմբակոծությունները, որտեղ պետք է հրադադար պահպանվի, և կրկին մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում քաղաքացիական թիրախներին օդային հարվածներ հասցնելու մեջ: Նա նաև Իրաքից շիա աշխարհազորայինների և «Հիզբալլահի» զինյալների՝ Ասադի կողմում հակամարտության մասնակցության դեմ է արտահայտվել՝ ընդգծելով, որ նրանք տեղ չունեն Սիրիայում, և պետք է վերադառնան իրենց հայրենիք:

 

Բացի այդ, Քերին կոչ է արել քաղաքական լուծում գտնել՝ Սիրիայի միասնականությունը պահպանելու համար: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն հստակ տարբերակում է սիրիական ընդդիմությանն ահաբեկիչներից, այդ թվում՝ վերջիններիս շարքում ներառելով բոլոր նրանց, ովքեր «սպանում են մարդկանց՝ էթնիկ կամ կրոնական պատկանելության պատճառով»: