Երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գեորգի Կուտոյանին ազատել է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակել ԱԱԾ պետի պաշտոնում:

 

Նորանշանակ ԱԱԾ պետի մասին կարծիքներ քիչ հնչեցին, սակայն շատերը նկատեցին, որ երկրի համար կարևորագույն պաշտոնին նշանակվել է երիտասարդ կադր՝ ընդամենը 35 տարեկան:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց, արդյո՞ք այդքան երիտասարդ գործչին ԱԱԾ պետի պաշտոնին նշանակելը ռիսկային չէ, վերջինս ասաց. «Ես ողջունում եմ այդ երիտասարդի կողմից տվյալ պաշտոնի ստանձնումը, և մեծ հույսեր ունեմ, որ մեր ԱԱԾ-ն կբերի նոր մակարդակի»:

 

Ըստ Եղիազարյանի՝ այս դեպքում մենք գործ ունենք ազնիվ երիտասարդի հետ, որը կարևոր նախադրյալներից մեկն է ԱԱԾ պետի պաշտոնում գտնվողի համար:

 

«ԱԱԾ-ում բազում աշխատակիցներ կան, որոնք լուրջ մասնագետներ են և նվիրված են իրենց հայրենիքի անվտանգության գործին, այնպես որ, ղեկավարելով այդ լուրջ հատվածին մենք կունենանք գերազանց ԱԱԾ ղեկավար: Հմտությունը, մասնագիտական փորձը ձեռք կբերի աշխատանքի ընթացքում»,- ասաց Եղիազարյանը:

 

Մեր այն նկատառմանը, թե, փաստորեն, նորանշանակ պետին կօգնի արդեն նախկին պետ Գորիկ Հակոբյանը, պարոն Եղիազարյանն ասաց. «Ես չեմ իմանում պարոն Հակոբյանը որքանով պիտանի կլինի ձեր նշած գործունեությունն իրականացնելու համար և արդյոք նա կարող է անել դա, բայց ես կցանկանայի նոր նշանակված պետին ոչ մեկ չխանգարի, դա կլինի լավագույն օգնությունը պետի համար»:

 

Հարցրինք նաև, կարո՞ղ է արդյոք ԱԱԾ պետ նշանակվել մարդ, ով երբեք չի աշխատել ԱԱԾ-ում, նշեց. «Իհարկե կարող է, քանի որ ԱԱԾ-ը պետը նախ և առաջ քաղաքական դեմք է, իսկ մենք ունենք մեր դիմաց մի երիտասարդի, ով լավագույն կրթությունն է ստացել և զբաղեցրել է բարձր պաշտոններ»: