Ամերիկացի կոնգրեսական, Նեւադայի նահանգից հանրապետական Ջո Հեքը դարձել է երրորդը, որը պաշտպանել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից անցյալ տարեվերջին Կոնգրեսի երեք հանձնաժողովների քննարկմանը ներկայացրած' «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, օրինագծին իր աջակցությունն էր հայտնել նաեւ կոնգրեսական-դեմոկրատ Լուիզա Սլոթերը:

Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ:

 

 

Դեռեւս հայտնի չէ, թե երբ օրինագիծը կներկայացվի ամբողջական քվեարկության:

 

 

Եթե օրենքն ընդունվի, ԱՄՆ-ը կմերժի մուտքի արտոնագրեր տալ Ադրբեջանի կառավարության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Վիզային պատժամիջոցները պետք է տարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական օգուտ են ստանում երկրի բարձրագույն ղեկավարության կամ նրանց ընտանիքների անդամների հետ գործնական հարաբերություններից: Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ մարդու իրավունքների խախտումներին մասնակից իրավապահ մարմինների, անվտանգության կառույցների եւ դատական թեւերի ներկայացուցիչների նկատմամբ:

 

 

 

Բացառություններ կարվեն միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

 

 

Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ' օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները: