Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մի շարք երկրների մտադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ըստ Մեդվեդևի, դա կարող է լիարժեք պատերազմի հանգեցնել:

 

«Պետք է գործել այնպես, ինչպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի աջակցության խմբի նիստի ժամանակ»,- Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել փետրվարի 14-ին, հայտարարել է ՌԴ վարչապետը:

 

«Ոչ ոք շահագրգռված չէ նոր պատերազմ սկսելու հարցում, իսկ ցամաքային գործողությունը լիարժեք, երկարատև պատերազմ է»,-ընդգծել է Դմիտրի Մեդվեդևը:

 

Վարչապետը հստակեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը: «Ռուսաստանն անձամբ Ասադին չի սատարում, այլ սատարում է սիրիական պետության հետ բարեկամական հարաբերությունները: Մենք ելնում ենք այն բանից, որ ներկա պահին Սիրիայում բացի Ասադից չկա ոչ մի արժանահավատ ներկայացուցիչ' դուր է գալիս դա ոմանց, թե ոչ»:

 

Մեդվեդևն ընդգծել է, որ եթե ներկա պահին սիրիացիների առաջնորդը «դուրս մղվի» այդ համատեքստից, ապա դա կհանգեցնի քաոսի: «Մենք դրա ականատեսն արդեն եղել ենք արաբական այլ երկրներում»,-ընդգծել է վարչապետը: