«Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությունից «չդիպչել» իրենց կազմակերպության անվանը՝ բառի ուղղակի և անուղղակի իմաստներով:

 

 

«Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, և դժվար չէ ընտրել մեկ այլ անուն: Իսկ երևակայության բացակայության դեպքում` առաջարկում ենք օգտվել Արթուր Բաղդասարյանի շուրջ ձևավորված ածականների շարքից»,- նշված էր հաղորդագրություննում:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր է առաջացել, ինչո՞ւ է այդ կազմակերպությունը պարբերաբար հայտարարություններ տարածում և ՕԵԿ-ի ղեկավարությանը մեղադրում իրենց անվանումը գողանալու մեջ: Խոսնակն ասաց, որ իրենք որևէ անվանում չեն գողացել, այդ թվում՝ նշված «Հայկական վերածնունդից»:

 

 

«Մեր միավորման հիմքում նախևառաջ վերածննդի գաղափարն է, այն ոչ մեկի սեփականությունը չէ: Եթե գաղափարը կամ անվանումը գողացված լինեին, այդքան կազմակերպություններ և մարդիկ չէին միանա «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը, իսկ ինչ վերաբերում է վիրավորանքներին և այլ ոչ կոռեկտ արտահայտություններին, որոնք արված են տարածված հայտարարության մեջ, ես չեմ կարծում, որ դա արված է մեր բազմահազար հայրենակիցների անունից, պարզապես մեկ-երկու մարդ որոշել են զբաղվել նման էժան գործունեությամբ»:

 

 

Արթուր Միսակյանն ասաց նաև, որ փետրվարի 21-ին տեղի է ունենալու «Հայկական վերածնունդ միավորման» կուսակցության հիմնադիր համագումարը, այսինքն՝ այն ունենալու է կազմակերպաիրավական ձև, իսկ սփյուռքում գործողն ընդամենը շարժում է, հետևաբար անտեղի է յուրաքանչյուր համեմատություն:  

 

 

«Պարզապես կոռեկտ չէ, անթույլատրելի և դատապարտելի է հանդես գալ նման տոնով, որովհետև այդ տոնով մենք էլ կարող ենք խոսել: Ես կոչ եմ անում ցուցաբերել կոռեկտություն, քաղաքավարություն՝ նման կերպ չխոսելու այդքան մեծ միավորման մասին, իսկ հայկական վերածնունդի գաղափարը ոչ մեկի սեփականությունը չէ, հետևաբար՝ որոշ մարդիկ թող չերևակայեն, չսեփականացնեն  այն, ինչն իրենց երբեք չի էլ պատկանել»,- ասաց Արթուր Միսակյանը: 

 

 

Ըստ նրա՝ պարբերաբար նման հայտարարություններով հանդես գալը խոսում է այն մասին, որ կա ընդգծված ոչ բարեկամական մոտեցում այն գործընթացին, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում: Միսակյանը խորհուրդ է տալիս քննադատողներին փորձեն նման համախմբում իրականացնել, նոր իրենց քննադատել.

 

 

«Ես պարզապես կոչ կանեմ այն մարդկանց, ովքեր քննադատում կամ փորձում են ցեխ շպրտել մեզ վրա՝ փորձեք ձեր շուրջ գոնե 3 մարդ համախմբել, նոր քննադատեք: Այսօր հազարավոր մարդիկ, 150 կազմակերպություն, 10 կուսակցություն համախմվել են այդ միավորման շուրջ, և այդ թիվն ավելի մեծանալու է: Թող այդ քննադատողներն իրենց հայելու մեջ նայեն և իրենց պարզ հարց տան՝ իրենք այդքան լա՞վն են, իրենց գաղափարները մրցունա՞կ են, իրատեսակա՞ն են»: