Արդեն մի քանի օր է, ինչ սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպությունը և ՕԵԿ-ի ստեղծած նույնանուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատերազմների մեջ են: Պատճառն անվան ընտրությունն է: Սփյուռքի «Հայկական վերածնունդը» մեղադրում է ՕԵԿ-ին իրենց անունը գողանալու մեջ, իսկ ՕԵԿ-ը, դրան ի պատասխան, կոռեկտության կոչեր է անում:

 

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ՕԵԿ-ի կողմից այդ քայլն ուղղված է սփյուռքի «Հայկական վերածնունդի» բարի համբավն ապականելուն։

 

«Այդպես է ստացվում: Դուք ՕԵԿ-ին հարցրեք՝ ինչպես է պատահել, որ իրենք իմանալով հանդերձ, որ այդպիսի միջազգային կազմակերպություն կա՝ նույն անունն օգտագործում են։ Թող իրենք արտահայտվեն, տեսնենք, թե ինչպես է այդպես ստացվել: Իրենք պետք է մեկնաբանեն։ Մենք նման դեպքեր շատ ենք տեսել: 90-ականներին նույն անունով շատ կազմակերպություններ էին ստեղծվում։ Նույն «Հայ հեղափոխական դաշնակցության» անուններով տարատեսակ կազմակերպություններ էին ստեղծվում։ Այդ քաղաքականությունը նոր չէ»,- ասաց Չուքասզյանը՝ հավելելով, որ դա ակնհայտ ոչ կոռեկտ վարք է քաղաքական ասպարեզում։

 

«Դա խոսում է քաղաքական սուբյեկտի որակի մասին»,- ավելացրեց Չուքասզյանը։

 

ՕԵԿ-ի այն մեկնաբանությանը, թե իրենց ստեղծած «Հայկական վերածնունդն» իրավական առումով ամրագրված է լինելու, իսկ Սփյուռքի «Հայկական վերածնունդը» լոկ շարժում է, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը նկատեց. «Եթե մի շարժումը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ և անունն օգտագործում է տարիներ շարունակ, դա դե ֆակտո ամբողջ հանրությունը՝ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում այդ անունը ճանաչում է որպես տվյալ կազմակերպության անուն։ Եթե դրանից հետո նոր կազմակերպություն է ծնվում, չի կարող այդ փաստը կարող հաշվի չառնել։ Եթե հաշվի չի առնում, ուրեմն դա իրեն պետք է հարցնել, թե ինչու»:

 

Չուքասզյանը վերջում ավելացրեց, որ սփյուռքի «Հայկական վերածնունդն» ամեն ինչ անում է իր բարի համբավը պաշտպանելու համար։

 

Քրիստինա Աղալարյան