Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի դիմաց՝ գործարանի հարցերով ենթահանձնաժողովից պահանջելու անգործության չմատնվել և քայլեր ձեռնարկել։ Գործարանի ավելի քան 40 տարվա աշխատակից, մասնագիտությամբ ինժեներ-քիմիկ Անահիտ Մանուկյանը նշեց, որ իրենք ամեն հինգշաբթի հավաքվելու են կառավարության դիմաց և համոզված են, որ իրենց բողոքի ակցիաներն արդյունք կտան:

 

«Վերագործարկումից հետո մենք կա՛մ կօգնենք մեր գործարանին, եթե պետք լինի, կա՛մ մի կողմ կգնանք։ Այս պահի դրությամբ մեզ ասում են, որ կազմակերպություններ կան, որոնք հետաքրքրված են «Նաիրիտով»։ Բայց դեռ ոչ մի կազմակերպության հետ պայմանավորվածություն չկա»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը:

 

Վերջինս ասաց, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իրենց հակառակն է ասել՝ դեռ ոչ մի կազմակերպություն չի հետաքրքրվում «Նաիրիտով»:

 

Տիկին Մանուկյանի խոսքով՝ իրենց չի վերաբերում այն, որ Երվանդ Զախարյանին, ըստ մամուլի հրապարակումների, թոշակի են ուղարկելու։

 

Վերջում հավելենք, որ գործարանի նախկին աշխատակիցները երթով շարժվում են դեպի կառավարություն։

 

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում