ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը ուղիղ 12 տարի առաջ հենց այս օրը՝ փետրվարի 19-ին, սպանվեց դավադիր ադրբեջանցու՝ Ռամիլ Սաֆարովի կողմից: Թեպետ ոճրագործը հանցագործությունից անմիջապես հետո ձերբակալվեց՝ Հունգարիայում կանգնելով արդարադատության առաջ, այդուհանդերձ ադրբեջանական նավթադոլարները կարողացան անել իրենց «սև գործը» և գնել մարդասպանի ազատությունը:

 

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում և ադրբեջանցին, սակայն դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Դաժան սպանության օրը՝ փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջ՝ Հայկ Մուկուչյանի հետ, ապա գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, առավոտյան կողմ կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել քնած հային: Բալաշը պատմել է, որ ինքը ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը: «Չորսբոլորն արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,- պատմել է հունգարացին:

 

Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր՝ Հայկ Մուկուչյանը: Սաֆարովն արյունոտ կացինը ձեռքին սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին՝ ձայների վրա հավաքվածներին ասելով, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր: «Ես արթնացել եմ առավոտյան ժամը 5-ի կողմերը դռան հարվածներից և աղմուկից, երբ Սաֆարովը ռուսերեն գոռգոռում էր, թե բոլոր հայերին սպանելու եմ»,- դեպքից հետո պատմել էր Մուկուչյանը:

 

Սպանությունից հետո բերման ենթարկված ադրբեջանցին նախնական ցուցմունքում ասել էր, թե իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէր, այլ ողջ հայ ազգի: Սակայն հետո վախկոտի նման հրաժարվել դրանից՝ փորձելով ներկայանալ իբրև անմեղսունակ և հոգեպես անհավասարակշիռ անձ՝ դատարանի պատիժը ինչ-որ կերպ մեղմելու համար: