Ազգային ժողովը քննարկում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տարանջատել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները:

 

Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է, ում հարց տվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.

 

«Տիկի՛ն Հովհաննիսյան, ցավում եմ, որ մեր գործընկերները չեն հետևում կոչերին՝ այս դահլիճում չքաղաքականցնել, ի վերջո, հարցը: Քաղաքական պայմանավորվածություն է, ի՞նչ կարիք կա անհարկի հարցեր են տալիս և «Հանրապետական» կուսակցության ու «Դաշնակցության» տոնը փչացնում են. չեմ կարծում՝ դա ճիշտ մոտեցում է:

 

Ի վերջո, ՀՀ-ին տարածքային կառավարման նախարարություն պե՞տք է, թե՞ պետք չի: Եթե պետք է, ապա ո՞նց էինք ապրում արդեն տարի երեք ամիս՝ առանց այդ կենսական նշանակության նախարարության, եթե պետք չի, ինչո՞ւ ենք նորից բացում: Դա նշանակում է, որ քաղաքական համագործակցությունը հակասում է կառավարման արդյունավետության տրամաբանությանը»,- ասաց Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանը հեգնանքով հարցրեց նաև. «Հա՛մ գործող նախարար Երիցյանն է մնում աշխատելու, հա՛մ ՀՅԴ-ական Լոքյանը, չե՞ք կարծում, որ դա մյուս գործընկերների նկատմամբ անարդար վերաբերմունք է: Օրինակ՝ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները մի ժամանակ առանձին են եղել ժամանակին, եղել է նաև Կրթության նախարարություն և Լուսավորության նախարարություն, ինչո՞ւ չեք կիսում նաև այս նախարարությունը, որ ձեր հարգարժան գործընկերների համար ազնիվ լինեք, եղել է նաև Էկոնոմիկայի նախարարություն և Առևտրի նախարարություն, ինչո՞ւ չեք կիսում այս նախարարությունը: Չե՞ք կարծում՝ այստեղ անարդարություն կա:

 

Նիկոլ Փաշինյանը փոխաբերական իմաստով նաև ասաց. ««Անտեր» նախարարներին հանել են, ով «տեր ունի» պահել են, դիսկոմֆորտի զգացողություն չունե՞ք պարոն Աշոտյանի կամ Ճշմարիտյանի նկատմամբ, և խնդրում եմ պատասխանը չքաղաքականցնել»: