Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի' Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացվող գործով Հայաստանը պետք է ներգրավվի որպես երրորդ կողմ: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանը դրա համար բոլոր հիմքերն ունի: Վերջին կես տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպակա ն դատարանն այս խնդրին մի քանի անգամ անդրադարձել է: Դժվար է կանխատեսել, թե այս հարցով ինչպիսին կլինի դատարանի որոշումը, սակայն այստեղ կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի կատարած աշխատանքը»,- նշեց Ալավերդյանը:

 

Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի գործողությունները համեմատեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետ: Նրա խոսքով' Ադրբեջանը բացահայտ արհամարհում է միջազգային օրենքները: «Ադրբեջանն իր գործողություններով հակասում է միջազգային բոլոր իրավունքներին, քաղաքակիրթ արժեքներին, ինչի մասին խոսում է այդ պետության վարած քաղաքականությունը»,- հավելեց նա: