Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների թեմայով քաղաքական խորհրդատվությունների երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանական կուսակցությունների և Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, «Արցախի Արմենական» և «Արցախի հանրապետական» արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարները:

 

Նշված թեմայով քաղաքական խորհրդատվությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 4-ին, որի ժամանակ հանդիպման մասնակիցները պայմանավորվել էին երկշաբաթյա ժամկետում մշակել ու ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

 

Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթացի, դրա անհրաժեշտության և այլ հարցերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հետ։

 

- Պարո՛ն Բադասյան, նախ սկսենք նրանից, թե արդյոք Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ։


- Ես նախ ուզում եմ անդրադարձ կատարել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Հայաստանում փոփոխվեց այն Սահմանադրությունը, որը չէր գործում: Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում փոփոխվում է Սահմանադրություն, որը ոչ թե գործում է համոզում է հասարակությանը, պետությանը, որ սա անհրաժեշտ է, որ սրանում կան շատ բացթողումներ, այլ չգործող Սահմանադրությունը հարմարեցնում են իրենց։ Ժողովուրդը Հայաստանում «ոչ» ասաց սահմանադրական փոփոխություններին, բայց այդ «ոչ»-ն իրենց պետք չէր, իրենք բռնի կերպով, լծակներով անցկացրին Սահմանադրությունը։ Բայց ի՞նչ փոխվեց։ Տնտեսական վիճակն ավելի է վատացել, արտագաղթն ավելի է շատացել։ Հիմա ստիպված են ոչ թե պետություն, ժողովուրդ պահելու, այլ՝ իշխանություն։

 

Սա վերջին ճիգն էր իշխանություն պահելու։ Սա ծաղրածուություն է, արդեն պաշտոններ են բաժանում, նախարարություններ են կիսում, կոալիցիա են կազմում։ Պատասխանատվություն չեն կիսում, սա իսկապես ձեռ առնելու բան է։ Երկու անվանում ունեցող նախարարությունները կիսում են, որպեսզի կերակրատաշտին ավելի շատ մարդ մասնակցի։ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները կատարել են, հետո տեսել են, որ վատ է վիճակը, հեղինակազրկվել են, գտել են մի կուսակցություն, որը վաղուց է իր սկզբունքներից հրաժարվել, որը կոխկռտել է իր սկզբունքները, որը, սփյուռքում դե ֆակտո իշխանություն լինելով հանդերձ՝ ամբողջությամբ ձախողել է հայապահպանման աշխատանքները, սփյուռքը թողել է անտեր։ Այս ֆոնի վրա կատարել սահմանադրական փոփոխություններ, միմիայն նշանակում է՝ հարմարեցնել նեղ անհատների անձնական շահերին։ Այս անհատներից են Հրանտ Մարգարյանի նմանները, Սերժ Սարգսյանի նմանները և այլն։ Իսկ Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Եթե մենք ընդհանուր խոսենք՝ խորհրդարանական համակա՞րգն է լավ, թե՞ ներկան, ապա միանշանակ խորհրդարանական համակարգն ավելի լայն ժողովրդավարական հասկացություն է։ Բայց եթե դրա անվան տակ քողարկում են իրենց անհատական շահերը, սա արդեն գողություն է։ Ժողովուրդը դա հասկանում է և «ոչ» ասելու է, բայց այդ «ոչ»-ին բանի տեղ դնող չի լինելու, հաշվի նստող չի լինելու։

 

- Այսինքն՝ Արցախո՞ւմ էլ լինելու է այնպես, ինչպես Հայաստանում եղավ։ Ժողովուրդն ասելու է «ոչ», բայց իշխանություններն անցկացնելու են «այո՞»-ն:


- Գիտե՞ք՝ Արցախի ժողովրդի համար մի քիչ այլ է։ Արցախի ժողովուրդը կարող է անտարբեր լինել։ Հարցն այն չէ՝ «ոչ» կասեն, թե «այո»։ Հարցն այն է, որ կա ազգային անվտանգության ահազանգ երկրում։ Ազգային ժողովի կազմումը, նախագահի ընտրությունը և գերագույն գլխավոր հրամանատարի՝ վարչապետի նշանակումն ինքնին վտանգ է ներկայացնում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս սիստեմն իրենից վտանգ է ներկայացնում։ Արցախի ներկայիս Սահմանադրությանը ես դեմ էի միայն մի առումով, որ Սահմանադրության մեջ տարածքի ամրակայումը կոնկրետ նշված չէ։

 

Վերջին հոդվածում նշված է, սակայն շատ լղոզված ձևով։ Ես այն ժամանակ էլ ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ մենք ունեցանք շատ վատ Սահմանադրություն, բայց ունեցանք։ Հիմա այդ վատ Սահմանադրությունը չգործեց, շատ խախտումներ են կատարվում, Սահմանադրությունը խախտում են պետական չինովնիկները։ Դա նշանակում է՝ կատարվում է պետական հանցագործություն։ Այդ Սահմանադրության չգործելու համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Եվ հիմա փոխել այդ չգործող Սահմանադրությունը, աբսուրդ է։ Ժողովրդի դատին են հանձնում մի փաստաթուղթ, որն աբսուրդ է։ Սա է հարցը։

Քրիստինա Աղալարյան