ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի սպանության գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, սպանությունը, նախնական տեղեկություններով, առնչություն չունի նրա մասնագիտական գործունեության հետ, իսկ կատարողները հովանավորների պակաս կարծես թե չունեն և արդեն իսկ փորձեր են կատարվում նեղացնել սպանության մասնակիցների շրջանակը:

Փաստաբանը սպանվել է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու «Մուշ» ռեստորանային համալիրում: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Ս.Շարբաթյանը ռեստորան էր գնացել հանդիպելու իր քրոջ աղջկան հետապնդող երիտասարդին՝ Արտակ Վերանյանին՝ պահանջելու չհետապնդել իր քրոջ դստերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև փաստաբանի քրոջ որդի Հայկ Ասլիկյանը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Արտակ Վերանյանը հանդիպմանը գնացել է եղբոր՝ Արեն Վերանյանի, և ընկերոջ՝ Սամվել Դիլոյանի հետ: Խոսակցությունը չի ստացվել, արդեն ռեստորանի բակում վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում՝ Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի գործառույթների խանգարման:

2013 թ. փետրվարի 6-ին ոստիկանությունը հայտնաբերեց Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված Արեն Վերանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել փաստաբանին սպանելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Սակայն, նախաքննությանը զուգահեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կան մարդիկ ովքեր խիստ «մտահոգ են» մասնավորապես Դիլոյանի ճակատագրով այն աստիճան, որ նույնիսկ ճնշումներ են սկսել գործադրվել վկաների նկատմամբ՝ պարտադրելով փոխել նախնական ցուցմունքները: Ճնշման թիրախում, մասնավորապես, հայտնվել է նախևառաջ ականատեսը՝ Հայկ Ասլիկյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ ճնշումների հետևանքն է օրերս կայքերից մեկին Հ.Ասլիկյանի հեռախոսով տված հարցազրույցը, որով նա փորձել է սրբագրել նախաքննական մարմնին տված ցուցմունքները, որոնք էական նշանակություն են ունեցել Դիլոյանին և մյուսներին մեղադրանք առաջադրելու համար։ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հենց Դիլոյանն է եղել այն մեկ հարվածի հեղինակը, որը մահ է պատճառել փաստաբանին, և հիմա տարբեր զարտուղի ճանապարհներով փորձ է արվում նրան, ով շարունակում է շատ ջերմ հարաբերությունների մեջ մնալ Վանաձորի քաղաքային իշխանության ղեկավարության հետ, մեջտեղից հանել՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով բացառապես Վերանյանների վրա: Հետաքրքիր է, որ ականատես վկայի հարցազրույցը ծնվեց, երբ ոստիկանները հայտնաբերեցին ու կալանավորեցին հետախուզվողներին։

Թե ինչու պատկան մարմինները, օրենքով նախատեսված կարգով, պաշտպանական միջոցներ չեն ձեռնարկում ականատես վկայի նկատմամբ, այլ հարց է, սակայն վկայի վրա ներազդելու փորձերի մասին տեղյակ են նաև իրավապահները: Համենայն դեպս, Լոռու դատախազը փետրվարի 13-ին գրավոր ցուցում է տվել ոստիկանության Գուգարքի բաժնի պետին և Լոռու քննչական բաժնի պետին՝ միջոցներ ձեռնարկել ականատես վկայի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին տեղեկությունները ճշտելու և գործով օբյեկտիվ իրականության բացահայտումն ապահովելու համար։ Թերևս մնում է հավելել, որ եթե վկայի նկատմամբ ճնշումներ արդեն իսկ գործադրվել են, ու նա դրանց արդյունքում նույնիսկ հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին, ապա համապատասխան միջոցների ձեռնարկումը կարող է նույնիսկ ուշացած լինել: Առավել ևս, երբ Դիլոյանը մեկ անգամ արդեն կարողացել է ջրից չոր դուրս գալ։ Իսկ թե ովքեր են կանգնած Դիլոյանի թիկունքում, որոնց շնորհիվ նա փորձում է անպատիժ մնալ, առաջիկայում կներկայացնենք մեր սեփական ուսումնասիրության արդյունքները։