Լրագրողները բողոքի ակցիա են պատրաստվում անցկացնել և պահանջել պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Իհարկե, լրագրողների հասցեին հնչեցված ոչ մի վիրավորանք անարձագանք չպիտի մնա ու պետք է համապատասխան գնահատական ստանա,բայց մենք նաև հիշում ենք, որ սա ոչ միայն Մհեր Սեդրակյանի, այլև առհասարակ պատգամավորների կողմից ոչ առաջին նման դեպքն է, ոչ էլ երևի վերջին, ուստի բացի առանձին միջադեպի կապակցությամբ հարցը քննարկելուց՝ կարծում եմ, անհրաժեշտ է նաև մտածել ընդհանուր այս երևույթի հետագա կանխարգելման մասին: Այդ նպատակով նախ պետք է ձգտել վերականգնել լրատվամիջոցների դերը, որն այսօր ընկած է: Լրատվամիջոցները չեն ընկալվում որպես չորրորդ իշխանություն, այնինչ իրականում ԶԼՄ-ները պետք է լինեն երկրում հարց լուծող կառույցներից, որոնց հետ հաշվի կնստեն և որոնցից կզգուշանան, նույնիսկ՝ կվախենան թե պաշտոնյաները, թե օլիգարխները: Իսկ դրա համար մի շարք ԶԼՄ-ներ բացի պատվերներ կատարելուց և երբեմն՝ հանուն պատվերի նույնիսկ իրար վարկաբեկելուց չպետք է մոռանան նաև իրենց բուն առաքելության մասին, որն է՝ չորրորդ իշխանության դեր ստանձնելը: Այդ նպատակով լրատվամիջոցները նաև պետք է վերհիշեն արդեն մոռացված այն հասկացությունը, որը կոչվում է գործընկերային համերաշխություն, ինչն այսօր չկա: Այսօր օլիգարխը կարող է վիրավորական խոսքեր հնչեցնել լրագրողների հասցեին, որոնք կլսեն 10-ից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և կհաստատեն, որ այդ խոսքերը հնչել են, իսկ միևնույն ժամանակ կգտնվեն լրատվամիջոցներ, ովքեր իրենց հրապարակումներում կասկածի տակ կդնեն միջադեպի իսկությունը, այն դեպքում, երբ 10-ից ավելի իրենց գործընկերներ տեսել, լսել և հաստատում են:

 

Եվ իհարկե, հետագայում այս թեման մշտապես պետք է պահել ուշադրության կենտրոնում և իշխանություններին պարբերաբար հիշեցնել, որ իրենց իսկ կողմից ընդունված նոր Սահմանադրությամբ խորհրդարանական Հայաստանում, որտեղ այլևս չի լինի մեծամասնական ընտրակարգը, 2017-ի ԱԺ-ում չպետք է լինեն նաև օլիգարխները, իսկ խորհրդարանում պետք է լինեն բացառապես օրենսդրական գործունեությամբ զբաղվող պատգամավորներ: Սա ես չեմ ասում, այլ նոր Սահմանադրությունն է պահանջում: Մնում է՝ մենք էլ պահանջենք, որ իշխանությունները հետևեն Սահմանադրությանը:

 

Կարեն Վարդանյան