Քիչ հետո Ազգային ժողովի դիմաց կմեկնարկի լրագրողների բողոքի ակցիան՝ դատապարտելով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը։ Հիշեցնենք՝ վերջինս լրագրողներին անվանել էր «նախիր»: Լրագրողները նաև ստորագրահավաք են սկսել, որին միացել է մի քանի պատգամավոր:

 

Նախկին լրագրող, այժմ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դատապարտում է լրագրողների հանդեպ ցանկացած ոտնձգություն: «Ես իմ գործունեության ընթացքում միշտ դատապարտել եմ լրագրողների հանդեպ տեղի ունեցած ցանկացած ոտնձգություն, կոպիտ վերաբերմունք, ոչ կոռեկտ պահվածք: Ինձ համար դա միանշանակ դատապարտելի է, որովհետև լրագրողի մասնագիտությունն ամենալավն է: Ես համարում եմ, որ լրագրողը կամուրջն է հասարակության և պետական, քաղաքական գործիչների միջև: Որևէ մեկը, ով համարձակվում է լրագրողների հանդեպ անբարեխիղճ կամ ոչ ճիշտ պահվածք դրսևորել, ինձ համար միանշանակ դատապարտելի է»,- նշեց պատգամավորը:

 

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ինքը չի միանում լրագրողների նախաձեռնած ստորագրահավաքին կամ ակցիային, Մարգարիտ Եսայանն ասաց. «Իմ դիրքորոշումն արդեն հստակ է: Եթե ես ունենամ ասելիք, մենք դա կարող ենք անել մեր քաղաքական թիմի ներսում։ Իրականում ողջունում եմ լրագրողների ակցիան: Ինքս անձամբ չեմ կարող մասնակցել՝ մի քանի պատճառներով»:

 

Լրագրողների ակցիային չմիանալու պատճառը, Մարգարիտ Եսայանի խոսքով, իշխող կուսակցության անդամ լինելու փաստը չէ:

 

«Ես այսօր գործուղման եմ մեկնում: Բայց սա չէ կարևորը: Եթե քաղաքում էլ լինեի, ֆիզիկապես չէի կարողանա մասնակցել: Կարծում եմ՝ պատգամավորները, եթե ասելիք ունեն, իրենց գործընկերներին, պետք է ասեն պատգամավորական շրջանակում, ոչ թե միանան այլ շրջանակների: Իսկ ես ասում եմ՝ ասելիք ունեմ և իմ գործընկերոջը ասել եմ։ Նման դեպքերում առաջին արձագանքողներից ես եմ։ Ես ողջունում եմ լրագրողների համախմբվածությունը, որ նրանք միասնական պահանջում են իրենց նկատմամբ ոչ կոռեկտ պահվածք դրսևորող անձը պատժվի: Սա շատ դուրեկան է»,- հստակեցրեց ԱԺ պատգամավորը:

 

Իսկ հարցին՝ թե ի՞նչ է խոսել իր կուսակից ընկերոջ հետ, տիկին Եսայանը հարցը շրջանցեց.

 

«Գուցե ինքն էլ առանձնապես ոգևորված չէ այն պահվածքից, որը դրսևորել է։ Իրականում շատ բարդ է, պահի տակ ամեն մեկն էլ կարող է ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։ Բայց էլի եմ ասում՝ եթե դու պետական գործիչ ես, պատգամավոր ես, հանրային հայտնի անձ ես, իրավունք չունես քեզ կորցնել, ինքնակառավարումը կորցնել, լրագրողների նկատմամբ պետք է լինել ծայրաստիճան նրբանկատ»։

 

Հիշեցնենք՝ լրագրողների ակցիան նախատեսված է ժամը 13։00-ին ԱԺ դարպասների մոտ։

 

Քրիստինա Աղալարյան