Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Armenian National Committee of America-ANCA) 2016 թ. շարունակելու է բազմակողմանի ջանքեր գործադրել Միացյալ Նահանգներում Արցախի աջակցության ու հայկական շահերի առաջխաղացման ուղղությամբ: Ամերիկահայ համայնքի ազդեցիկ կառույցներից մեկը լինելով՝ հանձնախումբն արդեն բազմամյա պատկառելի փորձ է կուտակել՝ ներազդելու ամերիկյան պետական տարբեր օղակներում և հանրային քաղաքականության ազդեցիկ գործիչների շրջանում Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ մշակվող քաղաքականության վրա:

 

Մասնավորապես, Արցախի և հարակից հարցերի շուրջ ԱՄՆ նախագահի վարչակազմի, Կոնգրեսի, արտաքին քաղաքականության պատասխանատուների և նահանգային կառույցների հետ տարված աշխատանքներն ու 2016 թ. նախանշված անելիքներն են ամփոփված հանձնախմբի օրերս հրապարակված տարեկան զեկույցում: Համապարփակ ներկայացնելով գործունեության բոլոր ուղղությունները՝ զեկույցում հանձնախումբը վերահաստատում է, որ շարունակելու է թիրախային նախաձեռնություններով առաջ մղել Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և զարգացման աջակցությանն ուղղված իր հանրային քաղաքականությունը:

 

Զեկույցում ներկայացված քայլերը վկայում են, որ Հայ դատի հանձնախումբն էական հաջողությունների է հասել ինչպես ԱՄՆ-ում Արցախի հարցում քաղաքական, հանրային դիվանագիտության, տեղեկատվության և ֆինանսական աջակցության կազմակերպման, այնպես էլ Ադրբեջանի տևական հակահայկական քաղաքականության հակազդեցության ուղղությամբ:

 

Մասնավորապես, հանձնախմբի ջանքերով առայսօր Արցախի անկախությունը ճանաչել են Մեն, Լուիզիանա, Ռոդ Այլենդ, Կալիֆորնիա, Մասաչուսեթս նահանգները, իսկ Մերիլենդ նահանգը ԼՂՀ-ն հիշատակել է իր պաշտոնական փաստաթղթերից մեկում: Կարևոր խնդիրներից է նահանգային մակարդակով Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունների խոչընդոտումը: Հանձնախումբը կարողացել է արգելափակել նման նախաձեռնությունները Թենեսի, Հարավային Դակոտա, Վայոմինգ, Միսսուրի, Միսսիսիպի, Կոլորադո, Նյու Հեմփշիր և Հավայի նահանգներում: Բոլորվին վերջերս՝ փետրվարի 17-ին, Այդահո նահանգի օրենսդիր ժողովում հաջողությամբ տապալվեց նաև մեկ այլ բանաձև, որտեղ Ադրբեջանը ներկայացված էր որպես միջկրոնական հանդուրժողականություն քարոզող պետություն:

 

Հաջողություններ են արձանագրվել նաև Արցախի մեկուսացման դեմ պայքարում: Ավելի քան 10 տարի հանձնախումբն աջակցում է Կոնգրեսում Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված ամենամյա միջոցառումների անցկացմանը, որոնց մասնակցում են ինչպես Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ Արցախը ներկայացնող պաշտոնյաներ: Իսկ 2015 թ. դեկտեմբերի 9-ին առաջին անգամ այդ միջոցառմանը ներկա է գտնվել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ի հեճուկս Բաքվի կտրուկ զգուշացումներին, և տեղում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ:

 

Նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ հանձնախումբը ժամանակին նպաստեց նաև, որ նախագահ Օբամայի և Կոնգրեսի ազդեցիկ անդամների կողմից դատապարտվի Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը:

 

Հանձնախմբի թիրախային ջանքերի արդյունքում 2013 թ. կանխվեց ադրբեջանական կողմի նախաձեռնած առցանց ստորագրահավաքի արդյունքում 1992 թ. Խոջալուի դեպքերի դատապարտումը Սպիտակ տան կողմից: ANCA-ի ազդեցությունը կարևոր էր նաև 2012 թ. Սենատի կողմից Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային չհաստատելու հարցում: Հանձնախմբի համոզմամբ՝ սա բեկումնային նշանակություն ուներ Միացյալ Նահանգներում ադրբեջանական հարաճուն ազդեցությունը չեզոքացնելու առումով:

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարևորում է ԼՂՀ-ի մասնակցության վերականգնումը՝ անհրաժեշտ քարոզչական աշխատանք տանելով այդ ուղղությամբ: Բացի այդ, հանձնախումբը կոչ է անում կոնգրեսականներին աջակցել Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի կողմից 2015 թ. հոկտեմբերին առաջարկված նախագծին, որով ԵԱՀԿ-ին և ԱՄՆ-ին կոչ է արվում դադարեցնել Արցախյան հակամարտության հարցում որդեգրած արհեստական անկողմնակալության ձախողված քաղաքականությունը և առաջարկվում է տևական խաղաղության համար նպաստավոր երեք կոնկրետ քայլ: Դրանք են' համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել զորքերի բաժանարար գծում, տեղակայել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող կրակատեղորոշիչ սարքեր՝ հարձակումների աղբյուրը ճշտելու, և ԵԱՀԿ դիտորդներ՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն արդյունավետ վերահսկելու համար:

 

Հանձնախմբի լոբբիստները կարևոր դերակատարություն ունեն նաև 1998 թ. ի վեր Արցախին (Բաքվի սուր հակազդեցության պայմաններում) ամերիկյան ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցում: Այդ հատկացումները, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 44 մլն դոլար, ուղղվել են մի շարք հիմնախնդիրների լուծմանը, ինչպես, օրինակ՝ Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի կառուցումը, Արցախի գյուղատնտեսական հողերի ականազերծումը և այլն:

 

Մյուս կողմից, առաջնային են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության դադարեցման և ֆինանսական օգնության սահմանափակման ջանքերը: Հանձնախումբը համոզված է, որ ռազմական օգնության չեղարկումը որևէ էական վնաս չի հասցնի այդ երկրի բազմամիլիարդ ռազմական բյուջեին, սակայն միևնույն ժամանակ դա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դրսևորումներին ամերիկյան հակազդեցության կարևոր խորհրդանիշ կհանդիսանա: Այս համատեքստում քայլեր են ձեռնարկվում 1992 թ. ընդունված «Ազատության աջակցման ակտի»՝ Ադրբեջանին վերաբերող 907-րդ ուղղման ամբողջական կիրառման ուղղ ությամբ, որը ներկայում կասեցված է Օբամայի վարչակարգի կողմից: Համաձայն 907-րդ ուղղման («Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում») ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից համապատասխան որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է հստակ քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ:

 

Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հնարավոր երկակի նշանակության ապրանքների (ներառյալ արբանյակները և անօդաչու թռչող սարքերը) վաճառքի կամ հատկացման արգելքի մանրակրկիտ վերահսկողությունը: Հանձնախմբի վերջին հաջողությունն այդ ուղղությամբ հանգեցրել է Ադրբեջանի առաջին արբանյակի ամերիկյան ֆինանսավորման' մի քանի տարի շարունակվող հետաձգման և խիստ սահմանափակումների ներմուծման:

 

Հանձնախումբը շարունակում է հետամուտ լինել նաև այլ կարևոր հարցերում առաջխաղացմանը, մասնավորապես՝ 2005 թ. Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման լիարժեք դատապարտումը և Պետդեպի Մարդու իրավունքների և կրոնական ազատության զեկույցում այդ բարբարոսական ակտի ներառումը, փորձում է Կոնգրեսի անդամների միջոցով դատապարտել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից հետո քաղաքացիական օդանավերը խոցելու Ադրբեջանի սպառնալիքները:

 

Հայ դատի հանձնախումբը նաև տեղեկատվական ու քարոզչական աշխատանք է կատարում, որի առանցքային տարրերից են ԱՄՆ-ում հակահայկական գործունեության համատեքստում ադրբեջանական կոռուպցիոն դրսևորումների լուսաբանումը, Ադրբեջանում Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի մասին ամերիկյան պաշտոնյաներին իրազեկումը, Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ կազմակերպված ջարդերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը և այլն։

 

2015 թ. օգոստոսին հանձնախումբը կազմակերպեց համազգային արշավ, որի արդյունքում Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը հրապարկեց 70 էջանոց եզրակացություն՝ Ադրբեջանի կառավարության կողմից կոնգրեսականների ուղևորությունների հնարավոր ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ: