Ազգային ժողովում մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը:

 

ՄԻՊ-ի պաշտանում Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին հայտարարել են ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը: Նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությունը: Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը իրենց ելույթներում չհաստակեցրեցին՝ ինչպես են քվեարկելու:

 

ԲՀԿ խմբակցություն ՄԻՊ-ի ընտրությանը կմասնակցի ազատ քվեարկության սկզբունքով: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ քվեարկությանը չի մասնակցելու:

 

ՕԵԿ խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը, սակայն քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը ևս ազատ քվեարկության սկզբունքով է մասնակցելու:

 

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար Արման Թաթոյանը պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայները, այսինքն՝ 79 քվե: