Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն Անկարայի ահաբեկչությունից 6 օր առաջ հնարավոր սպառնալիքի մասին տեղեկացրել էր Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական և ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակներին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը՝ ընդգծելով, որ չնայած տեղեկացված լինելուն' անվտանգության գլխավոր վարչությունը որևէ քայլ չի ձեռնարկել ահաբեկչությունը կանխելու նպատակով:

 

 

Ազգային հետախուզական ծառայության կողմից ուղարկված գրությունն Անվտանգության գլխավոր վարչությունը «շտապ» մակագրությամբ ուղարկել էր Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի նահանգապետարաններին: Գրության մեջ նշվել է, որ «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը մահապարտ ահաբեկչի միջոցով հարձակվելու է զինվորական և ոստիկանական ծառայությունների վրա: Ընդգծվել է, որ թիրախում կարող են լինել այնպիսի մարդաշատ վայրեր, ինչպես Ստամբուլի Թաքսիմ կամ Անկարայի Քըզըլայ հրապարակն է: Չնայած առկա նախազգուշացումներին, սակայն, թուրքական իրա վապահ մարմինները համապատասխան քայլեր չէին ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչությունը:

 

 

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61 է: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա պայթել է այդ վայրում:

 

 

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: TAK-ը կապված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, սակայն խմբավորումն աչքի է ընկնում իր ինքնուրույնությամբ և անկախությամբ:

 

 

TAK-ը ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ: