Նախագահ դառնալուց հետո «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախ կզբաղվի մաքսային վարչությամբ, երկրորդ քայլը կլինի Կառավարության ձեւավորումը, ապա ԱԺ-ի հետ բանակցությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, «Մեդիակենտրոնի» հյուրասրահում հայտարարեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են իրականացնել իր «100 քայլ» ծրագիրը: «Տիգրանն (նկատի ունի վարչապետ Տիգրան Սարգսյանին-խմբ) իմ կարծիքով, չի կարողացել ապացուցել, որ բացի ֆինանսական ոլորտից տեսնում է տնտեսական ոլորտը, օրինակ՝ եթե դու շատ լավ ես մտածում բանկերի մասին, գյուղացին հայտնվում է ծանր վիճակում, պետք է բալանս գտնել»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ ինքը պայքարում է ոչ թե նախագահի, այլ վարչապետի պաշտոնի համար, Բագրատյանն այսպես արձագանքեց, «Նորից եմ ասում՝ нет, էդպիսի բան չկա»: Նախագահի թեկնածուն նշեց, որ լուրջ արվեստագետներ ցանկացել են խոսել իր մասին, սակայն նա արգելել է՝ ասելով, որ մի թեթեւացեք, մնացեք ձեր տեղում, քաղաքականությանը մի խառնվեք, հետեւաբար՝ նախագահի թեկնածուն համերգներ չի տալու կամ էլ եթե տա, «լավագույն կամ վատագույն դեպքում ինքը կնվագի»:

Իսկ եթե չընտրվի նախագահ, ապա մնալու է քաղաքականության մեջ, սկսելու է մեծ կուսակցական շինարարություն «Ազատություն» կուսակցության բազայի վրա: «Իմ առաջադրումով թույլ չտվեցի, որպեսզի լիբերալ դաշտը ջարդվի»,- նշեց նա:

Անդրադառնալով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին՝ Հրանտ Բագրատյանը ասաց «լավ չի, ամոթ է», նա նախ պետք է վեր կենար եւ ասել, թե ինչու չստացվեց, ապա ասեր, թե ինչ է անելու եւ երաշխիք տար, որ երկրորդ անգամ կստացվի:

Ի դեպ, դիմելով իր մրցակից նախագահի թեկնածուներին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ինչ կպատահի փետրվարի 18-ին, անձնապես սրտներիդ մոտ մի ընդունեք, հավանական է, որ հաղթող դուք չեք լինի, իմ հարգելի մրցայկիցներ, թեթեւ կտանեք»:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am