Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը հրապարակել է վճիռը Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանության գործի առնչությամբ: Միակ կասկածյալը՝ Մուրադ Նազարյանը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակա լությունը:

 

Նիստի ժամանակ իր վերջին խոսքի ժամանակ Մուրադ Նազարյանը հերթական անգամ հայտարարել է, որ մեղավոր չէ: «Ես մինչ օրս ոչ մեկի հետ չեմ վիճաբանել: Հիմա նման հանցանքի մեջ եմ մեղադրվում: Այն հանցագործությունը, որն իմ վրա են բարդում, ես չեմ գործել: Պահանջում եմ ինձ ազատ արձակել»,- նշել է Նազարյանը:

 

Մարիցա Քյուչուքի դուստրը՝ Բայիզար Միդիլլին դատական նիստից անմիջապես հետո իր դժգոհություն է հայտնել կայացված վճռի առնչությամբ՝ ասելով, որ հանցագործությունը մինչև վերջ չի բացահայտվել: «Դատն այս կերպ չպետք է ավարտվեր: Սա կարող է ռասիստական հանցագործություն լինել: Ինչո՞ւ են մորս սպանել, մերկացրել, կտրել: Մենք նրանց ի՞նչ ենք արել: Մենք միայն ճշմարտությունն ենք ցանկանում: Ես ցանկանում եմ, որ գտնվեն իրական մեղավորները»,- նշել է նա:

 

Դատարանի որոշման հայտարարումից հետո Քյուչուք ընտանիցքի փաստաբան Էրեն Քեսքինը ևս կարծիք է հայտնել, որ իրական մեղավորները չեն հայտնաբերվել: «Կասկածյալին վախեցրել են, ինչի հետևանքով էլ չի խոսել: Այս հանցագործության մեջ մեկ կասկածյալ չկա, և դա ապացուցել էր ԴՆԹ-ի թեստը»,- ասել է Քեսքինը՝ հավելելով, որ շարունակելու են զբաղվել այս գործով:

 

Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին' Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան և տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին. կնոջ մարմինը հայտնաբերել էին խոշտանգված վիճակում՝ 7 տեղից դանակահարված և կոկորդը կտրված: Ավելին՝ ընտանիքի անդամների աչքից չէր վրիպել նաև խաչաձև արված կտրվածքը մահացածի մարմնի վրա:

 

Մեկ ամիս հետո' 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն և նրան ևս ծեծի ենթարկել: Նրանք փողոցում հարձակվել և փորձել էին առևանգել ևս մեկ տարեց հայ կնոջ:

 

Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին և չի հիշում, որ նման սպ անություն և հարձակումներ է կատարել: Ավելի ուշ նա հայտարարեց, որ հանցագործության ժամանակ մենակ չի եղել, և իրեն ստիպողաբար են տարել դեպքի վայր: Հետագայում դատաբժշկական փորձաքննությունը ևս ցույց տվեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի մարդու հետքեր: