Եթե նախարար է փոխվում, ապա փոխվում է նաև նրա մամլո խոսնակը. կարծում եմ, սա ոչ մեկի համար նորություն չէ, քանի որ միշտ այդպես է եղել: Չի կարող նույն խոսնակը աշխատել հաջորդ պաշտոնյայի հետ, ցանկացած նոր պաշտոն զբաղեցնող պետք է ինքը ընտրի և իր հետ բերի իր նոր խոսնակին: Հիմա կբացատրե՞ք, թե դրա որն է կադրային ջարդը, ինչի մասին լուրերով մամուլը հեղեղվել է: Այո, նոր պաշտոնյան կարող է մարդիկ փոխել նաև աշխատակազմում, որովհետև ցանկացած նորանշանակ նախարար պետք է ձգտի ինչ-որ դրական փոփոխություններ անել ոլորտում, իսկ դրա համար կարող է նաև կարիք լինել աշխատակազմում փոփոխություններ անելու, նոր մոտեցումներով աշխատող նոր ու վստահելի մարդկանցով համալրելու: Այս ամենը նորմալ գործընթաց է, և ես ճիշտ չեմ համարում հաղորդել սրան բացասական երանգ և ներկայացնել որպես լուրջ խնդիր:

 

Դրա փոխարեն ես կգերադասեմ հետևել նոր նախարարների գործունեությանը, տեսնել, թե ինչ բարեփոխումներ կանեն, իրենց նախորդների ո՞ր սխալը կուղղեն, կամ էլ իրենք իրենց հերթին ի՞նչ սխալներ կանեն, և հետո արդեն փաստերով ներկայացնել ու քննադատել, քննադատել եղած բանի համար, ոչ թե չեղած: Հավատացեք, նոր նախարարներին քննադատելու առիթներ դեռ շատ կլինեն, քանի որ մեր համակարգը դեռ արատավոր է, չի փոխվել կամ չի բուժվել, իսկ արատավոր համակարգում շատ դժվար է աշխատելը՝ առանց այդ արատներով վարակվելու:

 

Կարեն Վարդանյան