Ինչպես տեղեկացանք արդեն լրատվությունից՝ երեկ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագիր են ստորագրել, և այդ արարողության ժամանակ Բուզետտոն իր ելույթում նշել է, որ Հայաստանն ԱԻ ոլորտում աշխարհի 10 ամենաբարձրակարգ երկրներից է: Սա իսկապես որ լուրջ գնահատական է, հպարտանալու առիթ, որ գոնե ոլորտներից մեկում մենք աշխարհի լավագույն տասնյակում ենք:

 

 

Տրամաբանական է, որ սա ոչ միայն ոլորտի ղեկավարության, այլ ավելի շատ՝ սովորական աշխատակիցների, փրկարարների նվիրված աշխատանքի արդյունքն է, և տրամաբանական է, որ ուրեմն այդ մարդիկ մեր երկրում պետք է որ գնահատվեին՝ ոչ միայն խոսքով, այլ նաև՝ գործով: Սակայն այդ մարդիկ այսօր երկրում ամենացածր վարձատրվողներից են, Հայաստանը ոլորտում լավագույն տասնյակի մեջ մտցնողները ստանում են ամենացածր աշխատավարձերից: Մինչև 2014-ի աշխատավարձերի բարձրացումը նրանց աշխատավարձը 60-80 հազար դրամի սահմաններում էր, իսկ 2014-ին, այո, բարձրացավ փրկարար ծառայության ղեկավար կազմի աշխատավարձերը, բայց սովորական շարքային փրկարարները ունեցան միայն չնչին, գրեթե ոչինչ չասող բարձրացում, և այսօր սովորական փրկարարը ստանում է մոտ 90 հազար դրամ աշխատավարձ:

 

 

Ավելացնելու ոչինչ չունեմ, թվերն ինքնին ամեն ինչ ասում են՝ լավագույն տասնյակում լինելը աշխատանքի արդյունավետությունն է, 90 հազար ստանալը՝ աշխատանքի գնահատականը: Կառավարությունը, կարծում եմ, մտածելու բան ունի այստեղ, չնայած կառավարությունը շատ տեղերում մտածելու բան ունի:

 

 

Կարեն Վարդանյան