Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագրի կնքումը, այս տարածաշրջանում ռուսական զորքերի դիրքերի ուժեղացումը կարող է սպառնալ ՆԱՏՕ-ին և նրա արևմտյան դաշնակիցներին: Նման կարծիք է հայտնել Ադամ Էրելին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի նախկին տեղակալը, ով այս մասին հոդված է գրել «Forbes»-ի համար:


Նա նշում է, որ Վաշինգթոնը չի արձագանքում այն բանին, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայում է այդքան հզոր ռազմական տեխնիկա և ուժ, և նույնիսկ չի արձագանքում Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցության աճին:

 

Ինչպես գրում է Էրելին «Forbes»-ում հրապարակված իր հոդվածում, ԱՄՆ-ն մտածում է այն մասին, որ Ռուսաստանը միավորում է իր ռազմական հնարավորությունները մի երկրի հետ, որը սահմանակից է Թուրքիային, որն էլ ՆԱՏՕ-ի անդամ է:

 

«Վերջին կես տարում ռուս զինվորականների և զենքերի հոսքը Հայաստան մեծացել է, և այստեղ են հայտնվել նաև անօդաչուներ «Наводчик-2»-ը և «Тахион»-ը, ռազմական «Ми-24» ուղղաթիռները, «Искандер-М» բալիստիկ հրթիռները»,- ընդգծում է Ադամ Էրելին:

 

Ըստ նրա՝ Հայաստանի հետ միասին Ռուսաստանը պատրաստում է նոր ռազմական միություն, որը, իբր, պատրաստվում է հանկարծակի հարվածել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերին:

 

«Հայաստանում ներկայության ընդլայնումը միայն այն միտումների վերջին հաստատումն է, որ Ռուսաստանն սպառնալիք է ՆԱՏՕ-ի և Եվրոպայում ԱՄՆ-ի շահերի համար»,- կարծում է դիվանագետը:

 

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական միությունը շարունակում է ամրապնդվել, և Արևմուտքը չի կարող դա առանց ուշադրության թողնել: Այդ երկրների ռազմական համագործակցության աշխարհագրությունը, ըստ Էրելիի, ՆԱՏՕ-ի և Վաշինգթոնի համար հատուկ վտանգավորություն է ներկայացնում:

 

Էրելիի կարծիքով՝ Մոսկվան Հայաստան է ուղարկում իր զինվորներին և նրանց հետ զինավարժություններ է անցկացնում, որպեսզի «ազդեցություն գործի տարածաշրջանի երեք հարևան պետությունների և ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վրա:

 

«Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը դանակ է ՝ուղղված ՆԱՏՕ-ի սրտին»,- եզրափակում է Ադամ Էրելին: