ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկինarmtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել էր. «Մենք միշտ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին բանտարկյալների և ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ կիրառել եվրոպական չափանիշներ: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և Եվրոպայի խորհուրդն ունի հստակ չափորոշիչներ, որի շրջանակներում նաև հետևում և վերահսկում է բանտարկյալների կամ ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը: Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ՝ առ այսօր Եվրախորհրդի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որևէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

 

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ դեսպանն ուղղակի հիշատակող է, որ ոչ մի կազմակերպություն չի օգտագործում «քաղբանտարկյալ» տերմինը՝ Հայաստանում ձերբակալված հայտնի անձանց կապակցությամբ։

 

«Այս կտրվածքով, ես կարծում եմ՝ Շանթ Հարությունյանի, Գևորգ Սաֆարյանի, Հայկ Կյուրեղյանի, Վոլոդյա Ավետիսյանի դեպքերում ակնհայտորեն կային քրեորեն պատժելի արարքներ, բայց նրանց նկատմամբ վերաբերմունքը, պատժի խստությունը ոչ միայն խտրական արդարադատություն է, այլև՝ ուղղակիորեն քաղաքական դրդապատճառներ ունի։ Եթե անգամ նրանք չեն հետապնդվում իրենց քաղաքական հայացքների համար, այնուամենայնիվ, իրենց նկատմամբ խիստ վերաբերմունքը քաղաքական դրդապատճառներ ունի»,- ասաց Սաֆարյանը։

 

Հստակեցմանը՝ ստացվում է վերը թվարկված անձինք դատապարտվել են քրեորեն պատժելի արարքներ կատարելու համար, սակայն պատժի չափը սահմանելիս դեր է խաղացել նրանց քաղաքական հայացքնե՞րը, Ստյոպա Սաֆարյանը դրական պատասխան տվեց. «Այո։ Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ այդպիսի մարդիկ ինչպես են կոչվում, դա ավելի լավ կիմանան իրավապաշտպանները, բայց, ըստ էության, քաղհալածյալ են։ Տարիներ առաջ Եվրոպայում շատ բուռն բանավեճ եղավ, երբ փորձում էին սահմանել քաղբանտարկյալի չափանիշները, և դրանց համաձայն՝ Հայաստանում ձերբակալված անձինք քաղբանտարկյալներ չեն։ Բացատրությունը դա է»։

 

Սաֆարյանի խոսքով՝ բարձրաստիճան դիվանագետը չէր կարող այլ բան հայտարարել։

 

Քրիստինա Աղալարյան