Նա նորից ուշացումով արձագանքեց: Առաջին իսկ բառերից պարզ է, որ խոսքս ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասին է, ում մոտ ուշացումով արձագանքելը սովորույթ է դարձել: Իհարկե, ԱԳ նախարարը բացառություններ էլ է անում, օրինակ՝ Կիմ Չեն Ընի դեպքում: Հիշո՞ւմ եք, թե վերջերս Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ ինչ արագ արձագանքեց մեր ԱԳՆ-ն, ինչ արագ դատապարտեց: Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ հայերին վիրավորող հայտարարությունից օրեր անցավ, և նոր միայն երեկ մենք հիշեցինք, որ ԱԳ նախարար ունենք, այն էլ՝ Երևանի պետական համալասարանի գիտական խորհրդի նիստի ժամանակ, այն էլ՝ պատասխանելով ուսանողների հարցերին: Այսինքն, եթե ուսանողներից մեկն այդ հարցը չտար, ընդհանրապես որևէ արձագանք մեր ԱԳ նախարարի կողմից չէր լինի: Այնինչ արձագանքը պետք է լիներ դեռ հայտարարության՝ գոնե հաջորդ օրը և ոչ թե բուհական միջոցառման ժամանակ, այլ անմիջապես Դավութօղլուին ուղղված:

 

Հիմա ի՞նչ անենք, որ մեր ԱԳՆ-ն գոնե Թուրքիայի իշխանավորների հակահայկական հայտարարություններին ժամանակին և պատշաճ ձևով պատասխանի: Միգուցե Կիմ Չեն Ընի՞ն խնդրենք, որ թողնի Հյուսիսային Կորեան և գնա Թուրքիայում որևէ ղեկավար պաշտոն ստանձնի, որովհետև տեսնում ենք, որ միայն Կիմ Չեն Ընն է կարողանում այնքան գրավել մեր ԱԳՆ-ի ուշադրությունը, որ վերջիններս նույնիսկ չեն ուշանում:

 

Կարեն Վարդանյան