ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, դիրքի ավագ, սերժանտ Գեւորգ Ավետյանը օրերս խրախուսվել է հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման հետախուզադիվերսիոն ներթափանցումը կասեցնելիս ցուցաբերած բարձր մարտական պատրաստության համար:

 

Զորանոցի միջանցքի խորքից հայտնվում է զինվորը: Ես ներկայանում եմ, շնորհավորում նրան: Սակայն Գեւորգը առանց ոգեւորության միայն գլխով է անում: Մտածում եմ' հավանաբար հոգնած է, նոր է վերադարձել դիրքից: Սկսում եմ հարցուփորձ անել զինվորին ծառայության մասին և գրառումներ կատարել: Մեկ տարուց ավելի է՝ ծառայում է, յոթ ամիս էլ դիրք է բարձրանում: Չգիտի՝ քանի հարյուր ժամ է հերթապահել: Չի՛ հաշվել: Նախկինում երբեք այդ հենակետ չէր բարձրացել, ոչ էլ առիթ էր ունեցել հակառակորդի ուղղությամբ կրակելու:

 

-Դեպքը պատահեց ժամը երեքին' դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը,- պատմում է զինվորը' առանց իմ հարցին սպասելու:- Հենակետի ավագը դիտարկում կատարելիս երեք կարմիր կետ նկատեց, այսինքն' մարդ, կամ, որ ավելի ճիշտ է, հակառակորդի երեք հատուկջոկատային: Նա շնչակտուր ներս ընկավ գետնատնակ եւ գրեթե բղավելով ասաց. «Պատրաստվեք, եկել են»:

 

-Սպասո՞ւմ էիք,- հարցնում եմ լռությունը խախտելու համար:

 

-Դիրքապահներս միշտ սպասում ենք հակառակորդին, երեւի հենց այդ պատճառով էլ երբեք հանգիստ քնել չի հաջողվում,- շարունակում է զինվորը:- Տեղեկություն ունեինք, թե հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկելու, բայց անկարելի էր հավատալ, որ հենց մեր դիրքն են թիրախավորելու: Կտրուկ զգաստացա: Արագ հանդերձավորվեցի: Այնքան արագ, որ հավանաբար գերազանցեցի սահմանված չափորոշիչը: Վերցրի ավտոմատս ու առաջ պոկվեցի: Զբաղեցնելով նախանշված տեղը' առաջին հերթին, իհարկե, հեռադիտակով ուսումնասիրեցի անտառը, որ ձգվում է մեր խրամատի երկայնքով: Հակառակորդը դիրքավորվել էր 150 մետր հեռավորության վրա: Նրանք մեր նշանառության տակ էին' այդ մասին անգամ չկասկածելով: Ո՞վ կհավատար մի քանի ժամ առաջ: Չնայած հատուկջոկատայինների հետ մարտի բռնվելու առումով բոլորս էլ անփորձ էինք, բայց ամենեւին չշփոթվեցինք: Մեր պատրաստականությունը հիմա է, որ պետք է դրսեւորվեր: Խոստովանեմ' սկզբում խղճահարություն զգացի հակառակորդի նկատմամբ: Բայց հետո իմ ներսի զինվորը հաղթեց: Եվ կրակեցինք:

 

Տղաներին այդպիսին երբեք չէի տեսել: Յուրաքանչյուրն ուզում էր կողքինին պաշտպանել, ուզում էր ընկերոջը ետ պահել' կրակը վերցնելով իր վրա: Մեկն էլ այդ թեժ պահին շուռ եկավ դեպի ինձ, թե' «Դու ձեր տան միակ երեխան ես, էն կողմ գնա, ես կկանգնեմ…»: Ասես մի քանի րոպեների ընթացքում մի քանի տարով մեծացանք:

 

Հանկարծ կրակոցներ լսեցինք դարանակալած մեր հետախուզական ստորաբաժանման ուղղությունից, որ նշանակում էր' թշնամին գործում է երկու խմբով: Մեր դիմաց դիրքավորված ստորաբաժանումը ակտիվ կրակ էր վարում' ապահովելով մյուս խմբի ներթափանցումը մեր թիկունք: Ե՛վ կռիվ էինք տալիս, ե՛ւ քննարկում' ինչպես օգնել հակառակորդին դեմ հանդիման դուրս եկած մեր զինակիցներին: Անհնար էր: Դիրքը լքելու իրավունք չունեինք: Ոչ էլ կարող էինք կրակով աջակցել. մութ էր: Տեղս չէի գտնում, սիրտս պայթում էր: Դարանում էր նաեւ իմ մանկության ընկերը' Ռուբեն Ալեքսանյանը:

 

Վերջապես կրակոցները դադարեցին: Հատուկջոկատայինները նահանջեցին: Մենք թշնամուն կորուստներ պատճառելով ետ շպրտեցինք ելման դիրքեր: Մենք հաղթեցինք, բայց ուրախանալու ուժ չկար: Անհանգիստ էինք մեր ընկերների համար:

 

Լուսադեմին անսովոր խաղաղությունը խաթարեց տապիկի (հեռախոսային ապարատ, որը աշխատում է լարային կապով) զանգը… Ռուբենը եւ Աղասին ծավալված մերձամարտի ընթացքում արիաբար զոհվել էին…

 

Ռուբենը միշտ ասում էր. «Պիտի լավ կրակել իմանանք, հողը զենքով են պահում»:

 

Նա վիրավոր վիճակում կրակել էր բոլոր փամփուշտները:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Hayzinvor.am